Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներին դատարանից տեղափոխելու ժամանակ միջադեպ չի գրանցվել. ԱԱԾ տնօրեն

ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներին դատարանից տեղափոխելու ժամանակ միջադեպ չի 
գրանցվել. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներին դատարանից կալանավայրեր է տեղափոխել մայիսի 18-ի գիշերը՝ առանց որևէ միջադեպի: Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ դատարանը շրջափակել էին զինված խմբի կողմնակիցները: «Օրեր առաջ զինված խմբի անդամների հերթական դատական նիստն էր: Պաշտպանները դիմել էին՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված: Դատարանը չի կարող հենց այնպես փոխել նրանց կարգավիճակը, քանի որ նրանք գրավել են ՊՊԾ գունդը, որի հետևանքով զոհվել է երեք ոստիկան: Դատարանը պետք է իր դատաքննությունն իրականացնի և պարզի բոլոր հանգամանքները: Նրանց ազգականները, քաղաքական կողմնակիցները ևս համաձայն են, որ նրանց ազատ արձակելու հարցը առանց դատաքննության չի լուծվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը հիշեցրեց, որ զինված խմբի մոտ հիսուն կողմնակիցներ վերջին օրերին շրջափակել էին դատարանի շենքը, իսկ «Սասնա ծռեր»-ի անդամները գիշերում էին դատարանի խցերում: «Գիշերը ոստիկանությունը որոշում է կայացրել տեղափոխել այդ մարդկանց: Խմբի անդամները ևս պահանջել են՝ իրենց տանել կալանավայրեր, քանի որ դատարանի խցերում նորմալ պայմաններ չկան, անգամ քնելու համար: Ոստիկանությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել և գիշերը նրանց տեղափոխել: Ուժի կիրառում չի եղել, մեծ քանակությամբ ոստիկաններ միջանցք են կազմել և զինված խմբի անդամներին տեղափոխել»,- ասաց Վանեցյանը:

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները երկու օր փողոցներ են փակել՝ պահանջելով խափանման միջոց կալանքը փոխել. մայիսի 16-ին դատարանը մերժել էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալների խնդրի հետ կապված կոչ է արել գործերը տարանջատել՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր, և գործեր, որտեղ կան զոհեր: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Ես հույս ունեմ, որ որևէ քաղաքացի չի ակնկալում, որ ես պետք է մտնեմ բանտերը դռները բացեմ, ասեմ՝ տղե՛րք, դուրս եկեք: Դա ճիշտ ճանապարհ չէ: «Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս գործի հանգուցալուծումը կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի համար»,-ասել է նա:

Դատական նիստից հետո կողմնակիցները շրջափակել են նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրը և թույլ չեն տվել, որպեսզի ուղեկցող գումարտակը ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին տեղափոխի ՔԿՀ-ներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]