Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Կարճատև առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Խորհրդարանի նախագահը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և կարևորել նրա առաջին այցը Արցախ՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական օրակարգի հերթական քննարկման և առկա մարտահրավերների շուրջ համահայկական ներուժը կենտրոնացնելու տեսանկյունից:

«Մաղթում եմ, որ առաջիկա տարիներին արտաքին քաղաղաքական օրակարգում ամրապնդվեն այն հաջողությունները, որ ձեռք ենք բերել, և նախանշվեն նոր ուղղություններով մեր անելիքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտաքին գործերի նախարարը նշել է. «Ինձ համար շատ էական է այս նոր կարգավիճակում ստանալ ձեր պատգամը և շարունակել այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և  Արցախի Հանրապետությունը միասին կառուցել են համազգային նպատակներն առաջ տանելու համար»:

Կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունների և Արցախում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների, միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև համահայկական օրակարգի այլ հարցերում Սփյուռքի դերի, տարբեր երկրների հետ Արցախի համագործակցության և այլ հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է պետականաշինության բնագավառում Արցախի Հանրապետության հաջողությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ