Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Թուրքագետը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի դիրքորոշման որևէ փոփոխություն չի տեսնում


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի դիրքորոշումը սկզբունքային փոփոխության չի ենթարկվել: Մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով թուրքական մամուլում և քաղաքական շրջանակներում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ անդրադարձը: «Թուրքական մամուլը չէի ասի շատ ակտիվ, բայց չեզոք դիրքերից անդրադառնում էր հայաստանյան իրադարձություններին: Ձևակերպումները տարբեր էին, հիմնականում տեղեկատվական բնույթի՝ առանց մեկնաբանությունների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Անուշ Հովհաննիսյանը: Թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Թուրքիայում մեդիա դաշտի 90 տոկոսը վերահսկվում է իշխանությունների կողմից, այդ թվում՝ սոցիալական ցանցերը, էլեկտրոնային լրատվամիջոցները, հետևաբար տարբերվող կարծիք գտնելը դժվարանում է:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի առաջնահերթության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո Թուրքիայում սկսեցին արձագանքել նաև քաղաքական հարթակներում: Մասնավորապես, հայտարարություն էր հնչել վարչապետ Բինալի Յըլդըրմի շուրթերից, ըստ որի, «եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ շարունակ թշնամական դիրքորոշումից, եթե ընդունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու հրաժարվի սահմանների նկատմամբ սխալ դիրքորոշումից, այդ դեպքում կցանկանան նոր էջ բացել սառեցված հայ-թուրքական հարաբերություններում»:

Ըստ Անուշ Հովհաննիսյանի՝ փորձագետները մեծ կարևորություն տվեցին հանգամանքին, որ այդ մեկնաբանության մեջ չի հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ադրբեջանամետ լուծման հարցը, ինչը, սակայն, արդարացված չէ: «Երբեմն թյուր կարծիքներ են հնչում, որ Թուրքիան այդ նախապայմանից հրաժարվել է: Բայց եթե մենք դիտարկենք հայ-թուրքական հարաբերությունների ամբողջ գործընթացը, կտեսնենք, որ երեք հիմնական նախապայման է առաջադրվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքայի տարածքային ամբողջականության և սահմանների ճանաչում, որն ինքնին Կարսի պայմանագրից հրաժարումն է, երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Տարբեր ժամանակահատվածներում այդ երեքից մեկը տեղափոխվում է ու դառնում առաջնային: Հետևաբար, կարող ենք գալ այն եզրակացության, որ սկզբունքորեն ոչինչ չի փոխվել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ»,-ասաց թուրքագետը:
Այս կարծիքի համար հիմք է ծառայել նաև այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայում «Chatham House»-ում ելույթի ժամանակ, անդրադարձ կատարելով Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, ակնարկել է, թե Թուրքիան տարածաշրջանում կառուցողական քաղաքականություն է վարում, և Հայաստանն է, որ զուրկ է այդ մոտեցումից: Բացի այդ՝ թուրքագետը խոսեց Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ սկսված դատական գործի մասին, որով նրան փորձում են պատժել Թուրքիայի պառլամետում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, իբրև թե նա վիրավորել է թուրքական ինքնությունը: Անուշ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ժամանակին այդ հիմքով հետապնդում էին նաև «Ակոս»-ի լուսահոգի խմբագրապետ Հրանտ Դինքին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ