Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տոլմայի ավանդական և նոր տեսակները կներկայացվեն ամենամյա փառատոնին

Տոլմայի ավանդական և նոր  տեսակները կներկայացվեն ամենամյա փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական տոլմայի տարատեսակները մոռացությունից վեր հանելու, դրա պատմությունը հանրությանը ներկայացնելու, տոլման թրքացումից զերծ պահելու նպատակով մայիսի 20-ին Դվինի միջնաբերդի հնավայրի մոտ գտնվող Հնաբերդի համայնքում տեղի կունենա տոլմայի ամենամյա փառատոնը: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչներն ու աջակիցները:

«Սա այն միջոցառումներից է, որն էապես նպաստում է զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծմանը: Այն է բազմազանեցնել, դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը: Այն հրաշալի հնարավորություն է տալիս Երևանից զբոսաշրջությունը դեպի  ՀՀ մարզեր և հատկապես  գյուղական բնակավայրեր ուղղելու համար: Նպաստում է Հայաստանում տեղական ավանդույթների  պահպանմանը,  զարգացմանը և համաշխարհային ներքին շուկայում  խթանմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  ՀՀ տնտեսական  զարգացման և ներդրումների նախարարության  զբոսաշրջության պետական  կոմիտեի նախագահի տեղակալ  Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով` նմանատիպ միջոցառումները հզոր գործիք են դարձել  Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի համաշխարհային շուկայում  ներկայացնելու համար: Բազմաթիվ լրագրողներ Տոլմայի փառատոնին գալիս են Հայաստան և լուսաբանում այն առանց նախնական պատվերի:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր-տնօրեն Արա Խզմալյանն ասաց, որ տոլմայի, գինու և նման այլ փառատոները լուրջ քաղաքական կշիռ ունեն: «Ցանկանում ենք, որ գործարար միջավայրը շատ ավելի մեծ թափով ընդգրկվի այդ միջոցառումներում, քանի որ դրանց միջոցով մենք լուծում ենք երկրի ճանաչելիության բարձրացման, համայնքների տնտեսական ակտիվացման և այլ խնդիրներ»,-շեշտեց Խզմալյանը:

Նա հավելեց, որ  իրենց կոմիտեն պիտի տեսագրի  փառատոնի ընթացքը,  պիտի ստեղծվի տեսաբազա և նախատեսվում է տարվա կտրվածքով  թեմատիկ տեսահոլովակների նկարահանում, որոնք լայն թվային  տիրույթով  կոմիտեն կտարածի և կընդգրկի  գովազդատեղեկատվական  քաղաքականության մեջ:

Հայ խոհարարության  ավանդույթների զարգացման և պահպանման Հ/Կ նախագահ Սեդրակ Մամուլյանն ընդգծեց, որ միջոցառումն ութերորդ անգամ է իրականացվում, և իրենք կանեն հնարավորը այն ավելի բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Անդրադառնալով տոլմայի պատրաստման տարբեր եղանակներին` Մամուլյանն ասաց, որ խոհանոցը որպես լայն մշակութային տարատեսակ հնագույն երևույթ է, բայց պետք է ժամանակին համընթաց քայլի: «Հնի վրա նորը կառուցելը մեր նպատակն է: Տոլմայի վերականգնված շատ տեսակներ կան. նախկինում խաղողի տերևի մեջ ծեծված մսով և բլղուրով է պատրաստվել տոլման: Այս բաղադրատոմսը պահպանվել է Սյունիքի մարզում, Վանա տարբերակում այն լցոնվում է դդումի ծաղիկների մեջ, Ալաշկերտում տոլման պատրաստվում է կանեփով»,-պատմեց Մամուլյանը:

Փառատոնը բաղկացած է երկու մասից` մրցութային և գեղարվեստական: Առաջին մասին մասնակցում են ՀՀ հայտնի ռեստորանները, անհատ խոհարարները և տարածաշրջանային սննդի կետերը: Երկրորդ մասին մասնակցում են բոլոր ներկաները, քանի որ այն երգ ու պարով ուղեկցվող տոլմայի համտեսման արարողություն է:

Տոլմայի փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին: Այն տեղի է ունեցել Սարդարապատի, ապա Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրներում: 2017 թվականից ի վեր փառատոնն իրականացվում է Դվինի միջնաբերդի հնավայրի մոտ գտնվող Հնաբերդ համայնքում ամեն տարի մայիսի նախավերջին կիրակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am