Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանապետը պարգևատրել է «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի մասնաճյուղի վրա հարձակված հանցագործին վնասազերծած անձանց

ՀՀ ոստիկանապետը պարգևատրել է «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի մասնաճյուղի վրա 
հարձակված հանցագործին վնասազերծած անձանց

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհված և վնասազերծմանը մասնակցած ՀՀ ոստիկանության ծառայողները, «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդները և վնասազերծմանը մասնակցած քաղաքացիները պարգևատրել են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհվեց Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը:
Ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախություն եւ անձնազոհություն ցուցաբերելու համար Արա Շախգուլյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետմահու պարգեւատրվել է «Սխրագործության համար» մեդալով։

Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն եւ անձնազոհություն ցուցաբերելու համար, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգեւատրվել է նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Արամ Մկրտչյանը, ում հրազենային վնասվածք էր պատճառել հանցագործը։

Հանցագործին վնասազերծելու ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Վաղինակ Սարգսյանը ոստիկանության պետի հրամանով, պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

Ոստիկանությունը կարեւորում է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում քաղաքացիների համագործակցությունը, ոստիկանության ծառայողներին ցուցաբերած աջակցությունը: 
Հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցած քաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը, ոստիկանության պետի հրամանով, պարգեւատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am