Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանովը երկխոսության կոչ է անում

Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. 
Շարմազանովը երկխոսության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տապալվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ, սկսած ապրիլի 18-ից՝ իշխանությունները երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության կոչ են արել: «Ապրիլի 18-ին ես` որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, որպես Հանրապետական կուսակցության խոսնակ, ապրիլի 19-ին` նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՅԴ-ն, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը, քաղաքական ուժերը, երեկ արդեն բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ` երկրապահներից մինչև վիրահայերի միասնություն,  կոչ են արել երկխոսության: Երեկ տեղի ունեցավ նախագահի և Փաշինյանի հանդիպումը, և այսօր վարչապետ Սարգսյանի ներկայությունը վառ ապացույցն է նրա, որ իշխանությունը խնդրի լուծումը տեսնում է բացառապես երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության ճանապարհով: Սակայն ցավալիորեն և ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերից մեկը, իսկ ավելի կոնկրետ` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, ոչ թե երկխոսելու, այլ նախապայմաններ դնելու կամ իր պայմանները թելադրելու: Այդպես բանակցություն չի լինում: Եվ ինքը ուղիղ եթերում նշեց, որ չի եկել երկխոսելու: Այսինքն, ի՞նչ, եկել էր վերջնագրերով խոսելո՞ւ: Սա է խնդիրը»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով իշխանություններին ոչ ադեկվատ լինելու մեջ մեղադրելու Փաշինյանի հայտարարություններին` Շարմազանովը նշեց, որ ոչ ադեկվատ է ոչ թե իշխանությունը, այլ Նիկոլ Փաշինյանը ու նրա գործողությունները: Ոստիկանությունն այս օրերին զսպվածություն և հանդուրժողականություն է ցուցաբերել, բայց ամեն ինչ անվերջ չի կարելի կաթվածահար անել: Կա քաղաքական խնդիր, բերեք լուծենք, քննարկենք, օրենսդրական փոփոխություններ անենք, ընդդիմությանը նոր իրավունքներ տրամադրենք, քննարկենք քաղաքական օրակարգը: Բայց գալ նստել և ասել, որ ես չեմ եկել երկխոսելու, այլ եկել եմ ասելու, որ պետք է գնաս, այն դեպքում, երբ կա լեգիտիմ ընտրված խորհրդարան և իշխանություն, երկխոսություն չէ: Եվ ի սկզբանե այսօրվա բանակցությունները տապալվեցին, որովհետև կողմերից մեկը չէր եկել երկխոսելու, մենք ևս մեկ անգամ երկխոսության կոչ ենք անում, հանդուրժողականության կոչ ենք անում, բոլորին համերաշխության և խնդիրը բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու կոչ ենք անում, սակայն ոչ երբեք հասարակության մի խմբի կողմից պայմանները թելադրելու»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին` ի՞նչ քայլերի է պատրաստ գնալ իշխանությունը բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիների և այդ գործողությունների կազմակերպիչների դժգոհությունը մեղմելու համար, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք պատրաստ են երկխոսել քաղաքական օրակարգի շուրջ: «Իշխանությունն իր բացառիկ համերաշխ և հանդուրժողական գործողություններով ցույց է տվել, որ իշխանությանը պետք չէ ապակայունացում: Մենք մեր երկրում թշնամիներ և հակառակորդներ չունենք: Ամենառադիկալ ցուցարարից մինչև ամենահանգիստ ցուցարարը մեր եղբայրներն ու քույրերն են: Բայց երբ դու գնում ես բանակցությունների, պետք է իմանաս, որ կա քաղաքական օրակարգ: Դու գնում ես և ասում ես ես չեմ եկել երկխոսելու: Մերժողականությունը չարիքն է ամեն ինչի: Իսկ պարոն Փաշինյանն այսօր գնացել էր մի օրակարգով` մերժողականություն, այլ ոչ թե երկխոսություն: Մենք առաջարկում ենք ոչ թե մերժողականություն, այլ երկխոսություն, ինչի մասին երեկ խոսում էր նաև պարոն Էդմոն Մարուքյանը և շատ քաղաքական ուժեր, իսկ երկխոսության վայրը խորհրդարանն է»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է նոր հանդիպում վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ինչի մասին ցանկություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից: «Մենք եկել էինք երկխոսելու, և ուղիղ եթերում տեսաք, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը եկել էր և ցուցարարների ղեկավարի հետ հանդիպում էր: Ես մեր նորանկախ պատմության մեջ նման բան չեմ հիշում: Ո'չ Լևոն Տեր-Պետրոսյանն է գնացել, հանդիպել, ո'չ Ռոբերտ Քոչարյանը: Չեմ ասում վատ են արել, բայց իրականությունն եմ ասում: Ինչպես չէր եղել նաև, որ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ այս ամենը, այս էներգիան կարելի է օգտագործել շատ ավելի լավ` հանուն մեր երկրի բարեփոխման, հզորացման, այլ ոչ թե ընդդեմ: Ընդդեմը չարիք է, եկեք աշխատենք հանուն.  իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ցուցարարներն էլ, քաղաքացիներն էլ, լրագրողներն էլ, բոլորս: Իմ կոչը բոլորին` սթափվենք ու գնանք երկխոսության ճանապարհով»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն մի քանի րոպե տևեց, որից հետոՀՀ վարչապետը լքեց սենյակը: Կողմերը պնդեցին իրենց մոտեցումները և չկարողացանընդհանուր հայտարարի գալ: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչարեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթականհանրահավաքը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայլեյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրելայդ հատվածից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am