Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքում ընթանում են ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ

Գեղարքունիքում ընթանում են ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված նախապատրաստական աշխատանքներն այս տարի սկսվել են փետրվար ամսից, մոտ երկու ամիս ավելի վաղ, քան ձեռնարկվում էր նախորդ տարիների ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Ռոբերտ Մինասյանը, նախապատրաստական աշխատանքների վաղ մեկնարկը հիմնականում պայմանավորված է տաք եղանակներով, եւ գարնան շուտ գալով, ինչը, բնականաբար, հանգեցնելու է նաեւ ոռոգման շրջանի ավելի սկսվելուն:

«Մեր սպասարկման տարածքում՝ մարզի 38 համայնքում, նախապատրաստական շրջանը սկսել ենք պոմպակայանների վերազինման աշխատանքներից: Առանց բացառության հիմնանորոգման ենք ուղարկել այն պոմպերն ու շարժիչները, որոնք ունեին անսարքություններ: Այդ փուլը կարելի է համարել ավարտված, որի ընթացքում նորոգվել են ավելի քան 25 պոմպ ու շարժիչ: Երկրորդ փուլում կատարվել են պոմպակայանները եւ խորքային հորերը սնուցող էլեկտրասարքավորումների վերազինման աշխատանքներ, որոնք եւս մոտենում են ավարտին: Կատարվում են նաեւ ջրագծերի վերանորոգման աշխատանքներ, իսկ մայիսին կսկսվեն ջրանցքների մաքրման աշխատանքները: Այս պահի դրությամբ ավարտվել են Գեղարքունիք եւ Լանջաղբյուր գյուղերի 3 ջրամբարից 2-ի նորոգումները՝ իրենց սնուցող ջրանցքներով: Սնուցող ջրի քանակը բավարար է ջրամբարներում համապատասխան քանակի ջուր կուտակելու համար: Մի խոսքով՝ մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկը, որը կանխատեսում ենք նախորդ տարվա համեմատ մեկ ամիս ավելի վաղ, մենք լիովին պատրաստ կլինենք ջրամատակարարման»,-հավաստեց Ռոբերտ Մինասյանը:
Տնօրենը արդյունավետ է որակում մատուցված ծառայությունների դիմաց ոռոգման վարձավճարների գանձումները, որոնք 2016 թվականի համեմատ ավելին են եղել մոտ 20 միլիոն դրամով: Արդյունքներն ավելի բարձր կարող էին լինել, եթե որոշ համայնքներ եւս չթերանային վարձավճարների հավաքագրման մեջ: Հավաքագրված միջոցներն ուղղվելու են մատուցվող ծառայությունների որակական կողմի բարձրացմանը: «Մենք վարձավճարների գանձման պլանը կատարել ենք մոտ 130 տոկոսով, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ անցած տարվա երաշտի պայմաններում ավելի շատ ջուր է մատակարարվել, ինչը հանգեցրել է ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիայի ծախսման, քանի որ մեր համակարգը 85 տոկոսով գործում է մեխանիկական մղման եղանակով: Մարտունու տարածաշրջանի 8 համայնք թերացել է վարձավճարների գանձման ուղղությամբ, ինչը, բնական է, դրականորեն չի ազդելու մեր գործունեության վրա: Եթե կարողանանք ամբողջությամբ հավաքագրել մեր միջոցները, դրանք կուղղենք ներքին ցանցերի վերանորոգմանը, կկարողանանք իրականացնել ավելի մեծ ծավալի նորոգման աշխատանքներ, որով էլ կհասնենք կորուստների կրճատմանը եւ ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը: Ընդ որում, մենք հասել ենք նրան, որ գանձումները կատարվեն միայն անդորրագրերով, առանց կանխիկ մուծումների, համայնքների փոստային բաժանմունքներում, որպեսզի ամեն ինչ լինի թափանցիկ, ստվերային դաշտից դուրս: Ոռոգման շրջանում մենք Մարտունու տարածքի համայնքներում նաեւ մասնագետ կադրերի, մասնավորապես,պոմպավարների եւ էլմեքենավարների կարիք ունենք, որոնց պատրաստ ենք ընդունել սեզոնային աշխատանքի, եթե նրանք ունենան համապատասխան կրթություն եւ մասնագիտական որակներ»,-նշեց տնօրենը:
Ռոբերտ Մինասյանը կարեւորեց նախորդ տարվանից մեկնարկած եւ այս տարի շարունակվող ոռոգման համակարգերի հիմնանորոգման կամ կառուցման աշխատանքները, որոնց շնորհիվ ոռոգելի ցանքատարածությունները էապես կավելանան Նորատուս, Արծվաքար, Լիճք, Ծովինար եւ Վարդենիկ համայնքներում: «Մի ուրախալի լուր եւս կարող եմ հայտնել. այժմ նախագծման գործընթացում են գտնվում Զոլաքարի, Ներքին Գետաշենի, Ծովինարի, Գեղհովիտի եւ Լիճքի ոռոգման ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքները: Ընդ որում, մենք առաջիկա մի քանի տարիների համար մեր գլխավոր ռազմավարությունը համարում ենք ոռոգման ներքին ցանցերի ամբողջական վերականգնումը, ինչը կհանգեցնի կորուստների լիարժեք կրճատման,մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ոռոգվող տարածքների եւ հավաքագրվող միջոցների ավելացման»,-ամփոփեց Ռոբերտ Մինասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am