Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոչ ավանդական նյութերով կոնստրուկցիաների ուժեղացման մեթոդներն առաջին անգամ ներկայացվել են Հայաստանում  

Ոչ ավանդական նյութերով կոնստրուկցիաների ուժեղացման մեթոդներն առաջին անգամ 
ներկայացվել են Հայաստանում

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմպոզիտ» հոլդինգային ընկերության արտադրության ոչ մետաղական ամրանային նյութերն ու դրանցով կոնստրուկցիաների ուժեղացման սկզբունքներն ու կիրառման առաջավոր փորձը ներկայացվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը՝ ապրիլի 13-14-ը կայացել է «Կոնստրուկցիաների ուժեղացում կոմպոզիտային ածխածնաթելքային նյութերով արտաքին ամրանավորմամբ» խորագրով շնորհանդեսը:

Կարևորելով վնասված կառույցների վերականգնման և ուժեղացման գործընթացներում բարձր արդյունավետություն ապահովող ոչ ավանդական նորագույն նյութերի ու տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը՝ ՃՇՀԱՀ-ի և «Հորիզոն-95» շինարարական ընկերության նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում ներկայացվել են  Ռուսաստանի դաշնության «Կոմպոզիտ»  հոլդինգային ընկերության արտադրության ոչ մետաղական ամրանային նյութերն ու դրանցով կոնստրուկցիաների ուժեղացման սկզբունքներն ու կիրառման առաջավոր փորձը։

ՃՇՀԱՀ-ում կայացած շնորհանդեսին իր ողջույնի խոսքն է հղել համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Այնուհետև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները, ինչպես նաև հանրապետության նախագծային ու շինարարական ընկերությունների շատ ներկայացուցիչներ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ու ՄԱԿ-ի շինարարական ոլորտի մասնագետները ունկնդրել են «Կոմպոզիտ» հոլդինգային ընկերության առաջատար մասնագետներ Վիկտոր Ֆատկուլլինի, Իլյա Արիանովի և Վասիլի Ռյազանցևի զեկուցումները։ Այնուհետև առաջ քաշած խնդիրների շուրջ ծավալվել է աշխատանքային քննարկում:

 «Ներկայացված նյութերի տեսականուց հանրապետության համար հեռանկարային պետք է համարել հատկապես դեռևս պոլիմերային սոսնձանյութերով չտոգորված ածխածնաթելքային  ցանցերի, կտավների ու ժապավենների կիրառությունը, որոնք պողպատե ամրանների հետ համեմատած թեթև են բազմակի անգամ, ամուր՝ շուրջ 10-12 անգամ և դրա հետ մեկտեղ ունեն պողպատին համարժեք դեֆորմացիաների մոդուլ։ Վերջինս չափազանց արժեքավոր առանձնահատկություն է, քանի որ նույնպես բարձր ամրություններով հայտնի ապակեպլաստիկ ու բազալտապլաստիկ կոմպոզիտային ամրանները պողպատից շուրջ 4-5 անգամ պակաս դեֆորմացիաների մոդուլի պատճառով  լայն կիրառություն չեն կարողանում գտնել։ Նշված ածխածնաթելքային կոմպոզիտային ամրանանյութերը դրա հետ մեկտեղ ունեն խիստ ցածր ջերմային դեֆորմատիվություն ու սառնության կամրջակներ չստեղծող աննշան ջերմահաղորդականություն, բարձր կրակակայունություն և կոռոզիաների չեն ենթարկվում ու դրանով ընդունակ են մեծ երկարակեցություն ու հուսալիություն ապահովել»,- իր վերլուծականում նկատել է ՃՇՀԱՀ-ի շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արտավազդ Արզումանյանը:

Ապրիլի 14-ին կայացել է «Կոմպոզիտ» հոլդինգային ընկերության ներկայացուցիչների և ՃՇՀԱՀ-ի մասնագետների համատեղ այց պատմա­մշակութային և այլ արժեքավոր շինություններ, տեղում կատարվել են դիտարկումներ և ուսումնասիրություններ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am