Կուսակցությունն ինչպես որոշի՝ այդպես էլ կլինի. Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ իր հետագա պաշտոնավարմանը
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը դրական տպավորություններ է ստացել կառավարության առաջին (մի քանի տարի դռնբաց անցկացումից հետո կառավարությունն անցավ նիստերի դռնփակ ռեժիմի- խմբ.) դռնփակ նիստից: Գործադիրի նիստից հետո լրագրողները Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք բանավեճեր եղել են, ավելի անկաշկա՞նդ են եղել գործադիրի անդամները: Ի պատասխան՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դռնբաց նիստերի ժամանակ նույնպես եղել են անկաշկանդ: «Եղան աշխատանքային քննարկումներ, երևի, դա հարցերից էր կախված: Մի քիչ ժամանակ կանցնի, նոր կերևա՝ նիստերը դռնփակ անելու արդյունավետությունը: Մեկ անգամվա նիստից չպետք է որոշել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով` կառավարության նիստերը միշտ էլ արդյունավետ են եղել:
Միաժամանակ, Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ շա՞տ է տարբերվել դռնփակ նիստը մյուս նիստերից:
Լրագրողները նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցին նաև՝ շարունակելու է պաշտոնավարել կառավարության նոր կաբինետում և արդյոք իրեն տեսնում է այնտեղ: «Հարցը ճիշտ չեք ձևակերպում: Տեսնելով չէ: Կուսակցությունն ինչպես որոշի, այնպես էլ կլինի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, կառավարության ապրիլի 12-ի նիստն անցկացվել է դռնփակ ձևաչափով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում