Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը ողջ հասարակության և պետական համակարգի կենսակերպն է. Վիգեն Սարգսյան

Գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը ողջ հասարակության և պետական 
համակարգի կենսակերպն է. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակաշինությունը պետականաշինության նման անընդհատ գործընթաց է համարում: Վիգեն Սարգսյանն ընդգծում է՝ ցանկացած պահի, երբ մարդիկ համարում են, որ կատարել են ամեն ինչ տվյալ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու համար: Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո  լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ Հայաստանում բանակաշինությունը բացառիկ պատմություն ունի. այն զրոյից ձևավորվել և դարձել է կուռ պետական կառույց, հաղթական բանակի ձևավորման պատմություն է:

«Ապրիլյան դեպքերը, որքան էլ ցավալի են ու ողբերգական, երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս որևէ բանակ՝ անգամ աշխարհի ամենաուժեղ բանակը, ի հայտ չի բերել: Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, անգամ կյանքի գնով երկիրը պաշտպանելու գաղափարի հետ: Ցանկացած ռազմական գերեզմանատանը ցավի, կորստի անդառնալի կորստի զգացում է ամեն անգամ, միևնույն ժամանակ մեծ հպարտության զգացում է այն մարդկանց անցած ուղու համար, ովքեր մեր երկիրը շեն են պահում, մեր սահմաններն անառիկ են պահում,  և մեր խնդիրն է դրան համարժեք ձևավորել պայմաններ և միջավայր, որպեսզի այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել այն է, որ որպես հասարակություն գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր կամ հասարակության մի մասի ուսերին դրված, հասարակության կենսակերպից կտրված: «Կարծում եմ, որ մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, պետական համակարգի: Սա է առանցքը մեր հետագա քայլերի, ծրագրերի, նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես ազգ-բանակ պաշտպանենք մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունն ու այն հսկայական ժառանգությունը, որ ունենք»,- նշեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարը նկատում է, որ հայ ժողովրդի պայքարը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է Արցախում: Նրա գնահատմամբ՝ մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն: «Մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք առաջ շարժվելու, արագ զարգանալու և միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկել այդ զարգացումը պաշտպանելու համար: Ես չեմ կարծում, որ որևէ պաշտպանության նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայել մեր հասարակության աչքերին և ասել, որ ամեն ինչ արել են, ամեն ինչ փայլուն է, և որևէ խնդիր չկա: Ով նման բան ասի, դա նշանակում է կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում կամ ուղղակի անելիք չունի»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նա հավաստիացրեց, որ շատ հետևողական աշխատել են և աշխատելու են  բանակի մարտունակությունը բարձրացնելու համար, բանակի համբավն այն մակարդակում պահելու համար, որով մենք դուրս ենք եկել ղարաբաղյան պատերազմից զինադադարը կնքելիս:  «Կարծում եմ, որ մենք պետք է մշտապես պատրաստ լինենք լուծել ոչ միայն այդ,  այլ նաև շատ ավելի խորը խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում»,- նշեց Սարգսյանը:

Հարցին՝ տեսնո՞ւմ է ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած 800 հեկտար տարածքը հետ բերելու անհրաժեշտություն, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք տեսնում ենք անհրաժեշտություն մեր առաջնագիծն ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր՝ թույլ չտալ, որպեսզի այն զինադադարը, որ երաշխավորում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը որևէ ճեղք տա կամ փոխի իրականությունն այնպես, որ խաղաղ բանակցությունների գործընթացը անհնար և անիմաստ լինի շարունակել: Մենք տեսնում ենք մեկ խնդիր՝ ամեն օր ամուր պահել մեր պաշտպանությունը և շատ հստակ տարբերակում ենք մեր ռազմավարական խնդիրներն ու նպատակները»:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ