Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի նվագախումբը Հայաստանում կատարեց հայ և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի նվագախումբը Հայաստանում 
կատարեց հայ և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 28, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կալիշ քաղաքի պետական երաժշտական դպրոցի նվագախմբը մարտի 25-29-ը առաջին անգամ Հայաստանում հանդես է գալիս հյուրախաղերով: Նվագախմբի առաջին համերգը կայացել է մարտի 26-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

Հյուրախաղերի մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության կազմակերպիչներն ու աջակիցները: 

«Մեր դպրոցն առաջին անգամ հյուրընկալում է Լեհաստանից Հայաստան ժամանած Կալիշի երաժշտական դպրոցի 26 սանի: Հաշվի առնելով դպրոցի երաժշտական ուղղվածությունը` կարևորում ենք մեր դպրոցների միջև բարեկամական երկարատև  հարաբերություններ ստեղծելը: Այդ նպատակով երկու դպրոցների միջև համագործակցության պայմանագիր ստորագրվեց, որի շրջանակում կկազմակերպվեն համերգներ, այցելություններ, փորձի փոխանակում և այլն»,-

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը: 

Լեհաստանի Կալիշ քաղաքի Հ. Մելցերի անվան երաժշտական պետական դպրոցի ղեկավար Մարիա Պավելեցն ասաց, որ իրենց դպրոցում սովորում են վեց տարեկանից և, ավարտելով տասներկու տարի տևողությամբ դասընթացները, դպրոցի սաները կարողանում են մասնագիտական կրթությունը շարունակել բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններում: 

«Ունենք հիանալի մանկավարժական կոլեկտիվ, որտեղ կարևոր դեր է կատարում «Հայ և լեհ երաժշտության» համերգի գեղ.ղեկավար և դիրիժոր Հեղինե Մկրտչյանը: Նա սեր է սերմանում հայկական մշակույթի հանդեպ, նրա միջոցով ծանոթանում ենք հայոց պատմությանը: Մենք ցանկացանք գալ այն երկիր, որի մասին խոսում էր Հեղինեն: Այստեղ համոզվեցինք, որ հայ ժողովուրդը հյուրընկալ է, մարդիկ բարեհամբույր են: Հայաստանում շատ լավ ենք զգում»,-ընդգծեց Պավելեցը: 

Հեղինե Մկրտչյանի խոսքով` իրենք Լեհաստանում Հայաստանի դեսպան էդգար Ղազարյանի աջակցությամբ հաճախ են համերգներ կազմակերպում Լեհաստանի տարբեր քաղաքներում: «Երբ դեսպանն առաջին անգամ եկավ Կալի քաղաք, ապշել էր, որ երեխաները կարող են այդքան լավ նվագել, զգալ հայկական երաժշտությունը»,-պատմեց Մկրտչյանը:

Նա դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ կուզեր դպրոցի լեհ երաժիշտները գնան Հայաստան, առնչվեն հայ երաժիշտներին: Դիրիժորը հավելեց, որ շատ ուրախ է լավ աջակիցների օգնությամբ ծրագիրը կյանքի կոչելու համար և շեշտեց, որ հյուրախաղերի ընթացքում դպրոցի սաներն ապրում են հայ ընտանիքներում և երջանիկ են հրաշալի ընդունելության համար: 

Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնի ղեկավար Կարեն Շահումյանը նշեց, որ գաղափարը ծնվել է դեռ մեկ տարի առաջ և հրաշալի է, որ այն  ի կատար է ածվել: Շահումյանի խոսքով`բոլոր հայերին հաճելի է տեսնել, որ օտարազգի երաժիշտները կատարում են հայ կոմպոզիտորների` Արամ Խաչատրյանի, Կոմիտասի գործերը: 

Լրագրողների հետ հանդիպումից հետո Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի «Տ. Հայրապետյան» համերգասրահում տեղի ունեցավ նվագախմբի գալա համերգը: Հյուրախաղերով Հայաստանում գտնվող նվագախմբին միացան նաև Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողները: Համերգի ընթացքում հնչեցին հայ և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

Ծրագրի կազմակերպիչներն են հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնը (ղեկավար՝ Կարեն Շահումյան), Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (տնօրեն՝ Մարտուն Կոստանդյան) և Լեհաստանի Կալիշ քաղաքի Հ. Մելցերի անվան երաժշտական պետական դպրոցը (տնօրեն՝ Մարիա Պավելեց)։     

Ծրագրի նախաձեռնողը՝ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շրջանավարտ Հեղինե Մկրտչյանն է: 1994 թվականից Հեղինե Մկրտչյանը հանդիսանում է Լեհաստանի Կալիշ քաղաքի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր դիրիժոր, ինչպես նաև  ղեկավարում է Հ. Մելցերի I և II աստիճանի պետական երաժշտական դպրոցի նվագախմբերը և կամերային համույթները։

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am