Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

ՀՀ Նախագահը եղած միջոցների արդյունավետ օգտագործումը հրամայական է համարում գիտության զարգացման համար


ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է նկատում: ՀՀ Նախագահն այս մասին ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ունեցած ելույթում: «Նախկինում` հատկապես 2008-2009 թվականներին, բոլոր ելույթները հանգում էին ընդամենը մի խնդրի` ֆինանսների բացակայություն: Իսկ այսօր մենք ականատես եղանք, որ ակադեմիան իրականացրեց ինքնագնահատում, և շատ ուրախ եմ, որ այդ պրոցեսը բերեց այն կարծիքին, որին մենք կայինք 6-7 տարի առաջ: Այո, պետք է օպտիմալացնել, եղած միջոցներն արդյունավետ օգտագործել: Սա ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Նախագահ Սարգսյանը:

Նա համաձայնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ, որ Հայաստանում գիտնականների թիվը մեծ չէ, սակայն շեշտեց, որ խնդիրը քանակի մեջ չէ, այլ եղած մարդկանց արդյունավետ աշխատանքի մեջ է: «Եթե Հայաստանում 20 հազար գիտնական էլ լինի, էլի ես չեմ ասելու շատ են: Բայց նորից եմ կրկնում` հարցը 20 հազարի մեջ չի, հարցը մի քանի հազարի արդյունավետ աշխատանքն է: Երբ ի վերջո կհասնենք այն արդյունքին, ինչ ակնկալում ենք, ես կարծում եմ նաև պետության կողմից հավելյալ միջոցներ կտրամադրվեն: Ընդհանրապես, միշտ էլ մենք պատրաստ ենք եղել և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած միջոց տրամադրել, եթե կան կոնկրետ ծրագրեր, եթե այդ ծրագրերը հիմնավորված են, եթե ապացուցված է, որ դրանք արդիական են: Իհարկե, եթե զուտ ցանկություն կա ինչ-որ բանով զբաղվելու, հասկանալի է, որ մենք չենք կարող այդ միջոցները տրամադրել, սակայն ցանկացած իրատեսական և արդիական ծրագրի համար մենք պատրաստ ենք միջոցներ գտնել»,- ասաց ՀՀ Նախագահը` շեշտելով, որ շարունակելու են իրականացնել ծրագրային ֆինանսավորումը:

Նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ այլ մարմինների աշխատանքից էլ գիտի, որ բոլորը դժգոհ են ֆինանսավորումից, բոլորը համարում են, որ իրենց մասնաբաժինը քիչ է: «Միայն Հայաստանում չէ այդպես: Նույնիսկ այն երկրներում, որտեղ հասել են բարեկեցության շատ բարձր աստիճանի, որտեղ հասել են գիտության հսկայական ֆինանսավորման, բոլորն ասում են, որ ֆինանսավորումը քիչ է: Եվ ընդհանրապես ոչ միայն գիտության մեջ, բոլոր ոլորտներում էլ ֆինանսավորումը չի հերիքում, եղածով պիտի կարողանանք բավարարվել»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նա կարևորեց նաև գիտության ոլորտում սերնդափոխության խնդրի արդյունավետ լուծումը: «Հաշվետվությունից էլ ես տեսնում եմ, որ փոփոխություններ են լինում գիտական կենտրոնների, ինստիտուտների կազմում, բայց կիսում եմ այն կարծիքը,  որ մենք այստեղ կարող են խնդիրներ ունենալ: Այս առումով ես պատրաստ կլինեմ այս խնդրով մտահոգ մարդկանց հետ հասկանալ, թե ինչ կարող ենք անել հեռանկարային ծրագրերի առումով, եթե միայն խնդիրը կրկին չի հանգելու ֆինանսների ավելացմանը, որովհետև այդ հարցը միշտ եղել է, միշտ կա և միայն մի դեպքում է հնարավոր ֆինանսավորումն ավելացնել, եթե մենք ամեն տարի ունենանք 2017թ. նման տնտեսական աճ: Այդ ժամանակ, բնականաբար, առանց խնդրելու, պահանջելու առանց այդ էլ ավելացնելու ենք ֆինանսավորումը»,- ասաց
ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով` խնդիրները միշտ հանգում են նրան, որ կառավարությունը և հանրությունը գիտնականներից միշտ ակնկալում է կիրառական նշանակության գործեր և մշտապես ասում են, որ պետք է գտնել հավասարակշռված մոդել տեսականի և կիրառականի միջև: «Սա հավերժական հարց է, որը կա բոլոր երկրներում: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կարող ենք գտնել այդպիսի մի մոդել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը վստահեցրեց, որ միշտ էլ ունեցել են ցանկություն և օգտագործել են բոլոր հնարավորությունները Հայաստանում գիտությունը զարգացնելու համար: «Միգուցե, մեզ չի հաջողվել հատկացնել այնքան միջոցներ, որքան բավարար է դրա համար, սակայն մյուս կողմից էլ մենք պիտի հասկանանք, որ քիչ եկամուտներից քիչ բաժին է հասնում, եկամուտները կավելանան, պետության բաժիններն էլ կավելանան, մենք այլ ճանապարհ չունենք: Եվ զարգացման միակ ճանապարհն այստեղ եղած միջոցներն արդյունավետ օգտագործելու մեջ է: Դա վերաբերվում է մեր բանակին, մեր անվտանգությանը, բոլոր ոլորտներին»,- ասաց Նախագահ Սարգսյանը:

Եզրափակելով խոսքը` ՀՀ Նախագահը համոզվածություն հայտնեց, որ հայ ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, և գիտությունը Հայաստանում միշտ պահանջված է եղել: «Եվ դուք, և ձեզանից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու, և այդ գործը պետք է անել, ցավոք սրտի, սուղ միջոցներով: Փոքր հնարավորություններով մենք պետք է շատ լուրջ խնդիրներ լուծենք»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ