Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցում է տարածաշրջանային ինովացիոն համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցում է տարածաշրջանային 
ինովացիոն համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրատիսլավայում մասնակցում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն եռօրյա համաժողովին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հայաստանի պատվիրակության կազմում  են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը,  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հանրային խորհրդատվության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Համաժողովը կազմակերպել է Համաշխարհային բանկը՝  Սլովակիայի և Ավստրիայի կառավարությունների հետ համատեղ:  Այն  նպատակ ունի նպաստելու ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, փորձի փոխանակման միջոցով զարգացնելու տեխնոլոգիական լուծումների ներդրումը արտադրության ու արդյունաբերության  ոլորտներում։

Եռօրյա համաժողովի աշխատանքներին  մասնակցում են  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, դոնոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

«Արդյունաբերություն և զարգացող տնտեսություններ. արտադրության զարգացման միտումները և մարտահրավերները» թեմայով քննարկումների ընթացքում  Ամալյա Եղոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են պետություն- մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը, նորարար ու տեխնոլոգիական լուծումները արտադրության զարգացած ու առաջնային ոլորտներ ուղղորդելուն,  նաև՝ պետության կողմից իրականացվող տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերն ու ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունների շնորհիվ աշխատատեղերի ստեղծման աճի դինամիկան։ 

Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել «Ինթել» կորպորացիայի բիզնես ղեկավար Իռեն Փեթրիքի հետ։  Քննարկվել են Հայաստանում  ընկերության մասնաճյուղ հիմնելու հնարավորությունները։ Նշվել է, որ մեր երկրում կան նպաստավոր պայմաններ՝ հետազոտական լաբորատորիաներ ստեղծելու և ոլորտում համատեղ ձեռնարկատիրական սկզբունքներով բիզնես հիմնելու համար։

Ամալյա Եղոյանը հանդիպել է նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի հետ։ 

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ ՏՀՏ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հաջորդական քայլերը մշակել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am