Դատարանների վճիռները չեմ մեկնաբանում. Աղվան Վարդանյանը՝ Սեֆիլյանի դատավճռի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ցանկանում մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանին 10 տարի 5 ամիս ազատազրկման դատապարտելու որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը նշեց, որ դատարանների վճիռները չի մեկնաբանում: «Ես դատարանների որոշումները չեմ մեկնաբանում: Կան համապատասխան ընթացակարգեր, եթե կողմերից մեկը համաձայն չէ, կարող է դիմել համապատասխան ատյաններին: Պաշտպանները իրավունք ունեն և կարող են դիմել Վերաքննիչ դատարան, մինչև վերջ գնալ, սակայն դատարանների որոշումները չեմ մեկնաբանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վարդանյանը:
Դիտարկմանը, որ Ժիրայր Սեֆիլյանն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունն արցախյան պատերազմին: «Բայց մարդն ունենում է կյանքի տարբեր փուլեր, և կարող են տարբեր փուլերում տարբեր դրսևորումներ լինել»,- ասաց նա:
Վարդանյանն անդրադարձավ նաև լուրերին, թե Ժիրայր Սեֆիլյանի անունը հանում են դասագրքերից: Պատգամավորն ընդգծեց, որ տեղյակ չէ՝ նրա անունը դասագրքերում ընդհանրապես կա, թե ոչ, ինչպես նաև տեղյակ չէ, որ տարվա կեսին դասագրքեր են փոխվում:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է 10 տարի 5 ամիս ազատազրկման:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում