Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծովազարդում կառուցվում է արոտների ջրարբիացման համակարգ

Ծովազարդում կառուցվում է արոտների ջրարբիացման համակարգ

ԳԱՎԱՌ, 21 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում մեկնարկել է արոտների ջրարբիացման համակարգի կառուցման ծրագիրը, որի ավարտից հետո կջրարբիացվի մոտ 3 հազար հեկտար արոտավայր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի գրասենյակի» Գեղարքունիքի մարզային ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 96 միլիոն դրամ, որի 5 տոկոսը՝ 4 միլիոն 750 հազար դրամը, ներդրել է Ծովազարդի համայնքապետարանը: Կառուցվելու է պոմպակայան, 6 կիլոմետր երկարությամբ խողովակաշար, 40 տոննա տարողությամբ ջրահավաք ավազան եւ երկու խմոց: Ծովազարդի արոտների ջրարբիացման համակարգը կառուցվում է ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի գրասենյակի» կողմից տրամադրված միջոցների հաշվին: «Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Փորվել է խողովակաշարի խրամուղին, կատարվում են նախապատրաստական այլ աշխատանքներ: Անասունների խմելու ջուրը մղվելու է Գավառ-Սեւան ջրատարի ընդհանուր գծից դեպի ջրահավաք ավազան եւ պոմպակայանի միջոցով հասնելու է համայնքի հարավային թեւի արոտավայրեր՝ մինչեւ 5 կիլոմետր հեռավորությամբ: Ջրարբիացվելու է մոտ 3 հազար հեկտար արոտավայր, ինչը մեծապես խթանելու է անասնապահության զարգացմանը եւ անասնամթերքների արտադրողականության բարձրացմանը:
Համայնքի արոտավայրերի տարածքում ամռան եւ աշնան ամիսներին իսպառ ցամաքում են առուները, իսկ ձնհալի ջրերը կուտակվելուց նեխում են՝ անասնահամաճարակների վտանգ առաջացնելով: Համայնքի անասնահոտերը հիմնականում ծարավը հագեցնում են մի քանի կիլոմետր դեպի լիճ կամ մոտակա այլ ջրման կետեր հասնելով: Ծրագրի ավարտից հետո ջրարբիացված արոտներում կարող են արածեցնել նաեւ հարեւան Նորաշենի, Լճաշենի եւ Գավառի տնտեսությունների անասունները: Շինարարության ավարտի ժամկետ է սահմանված 2018 թվականի սեպտեմբեր ամիսը»,-պատմեց Խորեն Բադալյանը:
Համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանի կարծիքով՝ շինարարության մեկնարկը հուսադրող է, համայնքի տնտեսությունների սպասելիքները՝ արդյունավետ գնահատվող: «Սա կենսական նշանակության ծրագիր է մեր համայնքի տնտեսությունների համար: Մեր արոտները հեռագնա են, անասունները թե արոտ տանելու, թե ջրելու համար տասը կիլոմետրից ավելի ճանապարհ է հաղթահարվում: Ամռան ու աշնան ամիսներին, մանավանդ երաշտ տարիներին, իսպառ ցամաքում կան նեխում են ձնհալի ջրերը: Հիմա արդեն կարող ենք վստահ լինել, որ անասունները ջրելու հարցն այլեւս խնդիրներ չի առաջացնի: Ավելին, ջրարբիացման արդյունքն իրեն շատ շուտով զգացնել կտա թե կաթնատվության, թե մսատվության ուղղություններում, ինչին կհետեւի նաեւ անասնագլխաքանակի ավելացումը: Շինարարության նման աշխույժ մեկնարկը մեզ համոզում է, որ ջրարբիացման համակարգը կարող է շահագործվել առաջիկա երկու-երեք ամսում»,-նշեց Արամայիս Ենգոյանը:
Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ 2018 թվականի մարտի դրությամբ Ծովազարդի տնտեսություններում պահվում է 1335 գլուխ խոշոր, 1440 գլուխ մանր եղջերավոր անասուն: «Նախորդ տարվա մարտի համեմատ այս տարի մոտ 30 գլխով նվազել է խոշորի քանակը, իսկ մանրի քանակը գրեթե նույնությամբ պահպանվել է: Համոզված եմ, որ ջրարբիացման համակարգի շնորհիվ եկող տարի մենք կունենանք աճի մասին վկայող թվեր»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am