«Գառնի»-ում նշվել է Ամանորն ու Վահագնի ծնունդը
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ավանդույթի համաձայն մարտի 21-ին հավաքվել են «Արորդիների Ուխտ» կազմակերպության անդամները` նշելու հեթանոսական տոներից մեկը` Ամանորն ու Վահագնի ծնունդը: «Արորդիների Ուխտ»-ի անդամները մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել են «Գառնի»-ում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից՝ հավելելով. «Կեսօրին արդեն սկսվել են բուն միջոցառումները, այդ թվում օծվել ու մասնակիցներին է բաժանվել տարեհաց: Ներկաները նաև ցանկություն պահելով՝ գունավոր ժապավենի մի կտոր են կապել Կենաց ծառը խորհրդանշող ծիրանենու ճյուղերին:
Ծիսական արարողությունն ու տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու պարով: Կատարումներով հանդես են եկել Գառնի համայնքի մշակույթի պալատի սաները: Միջոցառումը տպավորել է նաև օտարեկրացի զբոսաշրջիկներին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության ներկայությունը միջոցառմանը` «Արորդիների Ուխտ»-ի և ՊՈԱԿ-ի միջև ձևավորված ջերմ համագործակցության վկայությունն է»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում