Հայաստանի բասկետբոլի հավաքականին մեծ ապագա է սպասում. Արագադ Աբրամիան
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականը, վերակազմավորումից հետո, կայանում և վերջին տարիներին մեծ քայլերով առաջ է շարժվում: Հայաստանի հավաքականի կազմում Ալբանիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում իր նորամուտը տոնեց Արագադ Աբրամիանը, ով այժմ հանդես է գալիս նաև Երևանի «Ուրարտու»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արագադ Աբրամիանը խոսեց իր բասկետբոլային անցյալի, Հայաստանի հավաքականի այսօրվա և ապագայի մասին:
-Ինչպե՞ս սկսեցիք բասկետբոլ խաղալ:
-Երբ փոքր էի, ոչ թե բասկետբոլով էի հետաքրքրված, այլ ամերիկյան ֆուտբոլով` սոկերով: Բասկետբոլ խաղալ սովորել եմ քեռիներիցս և ինքս էլ շատ էի ուզում խաղալ: Սակայն տարիքս շատ փոքր էր մարզվելու համար: Երբ սկսեցի բասկետբոլով զբաղվել, առավել շատ սիրեցի մարզաձևը, քանի որ դժվարությամբ էր ինձ տրվում: Ինձ դուր եկավ այդ պահը: Ինձ նաև ձգեց այն, որ Իրանում, Հայաստանում բասկետբոլն այդքան տարածված չէր: Ամերիկա հասնելուն պես առաջին բանը, որ մայրս ասաց, ինձ բասկետբոլի խմբակում տեղավորելն էր:
-Դուք խաղացել եք ԱՄՆ ուսանողական լիգայում… Պատմեք, խնդրեմ, այդ մասին:
-Սկսել եմ Հոմենընթմենի «Արարատ» թիմում: Այնտեղ մեծ փորձ ձեռք բերեցի: Ամերիկյան ավագ դպրոցի տարիներին հանդես եմ եկել մի քանի լավ ակումբներում, սակայն պրոֆեսիոնալ լիգայում դեռ չեմ խաղացել:
-Արագադ, խնդրում եմ, պատմեք, թե արմատներով որտեղի՞ց եք:
-Ծնվել եմ Իրանում, սակայն մեծացել եմ ԱՄՆ-ում: Ծնողներս Իրանից են: Սակայն ես 7 տարեկանում ծնողներիս հետ տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես:
-Նոր եք միացել Հայաստանի հավաքականին: Ինչպե՞ս եղավ:
-Երբ նախորդ ամռանը փորձում էի NBA-ի մի քանի թիմեր ընդունվել, սակայն չստացվեց, ինձ հետ կապվեցին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից: Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի, որ այս կերպ նաև Եվրոպայում հանդես գալու հնարավորություն կունենամ և, որ ամենակարևորն է, հանդես կգամ Հայաստանի համար:
-Ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանի հավաքականի համար:
-Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունի բարձունքների հասնելու համար: Հայաստանի բասկետբոլի հավաքականին մեծ ապագա է սպասում: Թեպետ թիմը նոր է ձևավորվել, սակայն կան երիտասարդներ, որոնք մեծ ապագա են խոստանում: Հրաշալի բասկետբոլիստներ ունենք և լավ մասնագետներ: Հաջորդ 3-5 տարիներին Հայաստանը մեծ աճ կունենա:
-Ի՞նչ եք դուք ձեզ հետ բերել Հայաստանի թիմին, որն այստեղ չկար:
-Առաջին հերթին առաջնորդելու ներուժը թե մարզադահլիճում և թե դրանից դուրս: Բոլոր այն թիմերում, որոնցում խաղացել եմ, եղել եմ թիմի ավագը: Կարողանում եմ թիմը միավորել անգամ դժվար պահերին. ահա թե ինչ եմ բերել հավաքականին: Լավ բասկետբոլ խաղացող ամեն մեկը կարող է լավ նետումներ կատարել, բայց նաև պետք է առաջնորդող լինես:
-Ինչպիսի՞ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:
-Այո, շանսեր կան խմբից դուրս գալու համար: Իմ կարծիքով, խմբային փուլում մենք լավագույնն ենք: Լավ թիմ ունի Դանիան, սակայն, իմ կարծիքով, մենք առավել լավ թիմ ունենք:
-Դուք հիմա հանդես եք գալիս Երևանի «Ուրարտու» ակումբում: Ինչո՞ւ որոշեցիք միանալ այդ թիմին:
-Մի քանի ամիս շարունակ չէի կարողանում ակումբ գտնել ինձ համար: Քանի որ մենեջերներիս հետ ուշ կապվեցինք եվրոպական ակումբների հետ, բայց միշտ կապի մեջ ենք եղել «Ուրարտու»-ի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող եմ աջակցել նրանց: Իմ ապագան «Ուրարտու»-ում կախված է նրանից, թե ինչ են պլանավորում ֆեդերացիայում և ակումբում: Լավ կլինի, որ թիմերը նոր խաղացողներ ունենան և աճեն:
-«Ուրարտու»-ն կիսաեզրափակչում պարտվեց «Արցախ»-ի հետ շատ դրամատիկ խաղում: Ի՞նչն էր պարտության պատճառը:
-Դա «Ուրարտու»-ի ամենավատ խաղն էր: Պարտվեցինք հաշվի մեջ ոչ մեծ տարբերությամբ: Փոքր սխալները վճռորոշ եղան այդ խաղի համար:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում