Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չմոռանանք դասականներին, բայց նաեւ արժեւորենք ժամանակակիցը. Միլիտոնյանը՝ Պոեզիայի օրվա մասին

Չմոռանանք դասականներին, բայց նաեւ արժեւորենք ժամանակակիցը. Միլիտոնյանը՝ 
Պոեզիայի օրվա մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Մարտի 21-ն այն օրն է, երբ աշխարհի գրեթե բոլոր գրական անկյուններում կազմակերպվում են պոետական ընթերցումներ ու մշակութային բազմապիսի միջոցառումներ։ Բանն այն է, որ 14 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս օրը հռչակել է Պոեզիայի միջազգային օր։ Տոնական օրվան անմասն չի մնացել նաեւ Հայաստանը։
Ինչպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, այսօր միության մեծ դահլիճում տեղի կունենա պոեզիայի ընթերցանության ցերեկույթ։ Հրավիրյալների թվում են գրողներ, ուսուցիչներ, աշակերտներ եւ ընդհանրապես գրականություն գնահատող անհատներ։ Միջոցառումները միայն Երեւանով չեն սահմանափակվելու։ Հանդիպումներ են կազմակերպվելու նաեւ մարզերում։
Պոեզիայի միջազգային օրը պատեհ առիթներից է՝ վերստին անդրադառնալու ոլորտի մարտահրավերներին, խնդիրներին ու գրական անցուդարձին։ Հայը պոեզիա հասկացությանը, Է. Միլիտոնյանի խոսքով, հաղորդակից է եղել դեռեւս վաղ, հնագույն ժամանակներից։ Մի մասը գրել է, մի մասն էլ սիրով ընթերցել է։ Պատկերն այսօր բոլորովին այլ է։ Բանաստեղծների ու ընթերցողների շրջանակը, ինչ-ինչ հանգամանքներով, նկատելիորեն նվազել է։ Եթե ամենալավ ստեղծագործողից գոնե 500 օրինակ գիրք վաճառվի, հավատացնում է, որ լավ ցուցանիշ է. «Բայց ես գիտեմ գրողների, որոնք ընդհանրապես գիրք վաճառքի չեն հանում, նվիրում են պոեզիայի ճաշակ ու «քիմք» ունեցող ընթերցողին։ Պոեզիան պահանջում է բանիմաց ու կարդացած ընթերցողների լսարան։ Ես հիանում եմ, օրինակ, պարսիկների փորձով։ Նախանձելի վերաբերմունք ունեն բանաստեղծական ժանրին»։ 
Նրա կարծիքով, արդի հայ գրողները ըստ արժանվույն չեն գնահատվում։ Ենթադրում է, որ հավանաբար պատճառը հանրության նախանձախնդիր վերաբերմունքն է արծարծվող թեմաների հանդեպ։ Բայց, ըստ գրողական համայնքի ղեկավարի՝ ժամանակակից գրողն այսօրվա հայացքն ու լեզվամտածողությունն է բերում իրականություն։ Հասարակությունը պետք է հաղորդակից լինի նաեւ դրան, ճանաչի այն կյանքը, որում ապրում է։ Ուսումնական ծրագրի շրջանակներից դուրս, երբ բուհի ուսանողը այլ ստեղծագործողի չի կարդում, չի կարող ճանաչել մերօրյա գրողներին։ Սա էլ է մեծագույն խնդիր։ Է. Միլիտոնյանն ասում է՝ չճանաչելով՝ տրամադրություն ու կարծիքներ են հայտնում լավի, վատի, բարձրի ու ցածրի մասին։ Իսկ այն հարցին, թե լուրջ ստեղծագործություն գրելու համար որոշակի կենսափորձ չի՞ պահանջվում, ՀԳՄ նախագահն ասաց. «Գրականությունը տարիք չի ճանաչում։ Հանճարեղ գործ կարող է ստեղծել ինչպես կյանքի որոշակի շրջափուլ անցած ահելը, այդպես էլ երիտասարդը։ Ասել, որ միայն մեծահասակներն են լավ գրում, սխալ է։ Հիշենք Մեծարենցին, Դուրյանին, Արթուր Ռեմբոյին, Լերմոնտովին... Տարիք չկա, կա ասելիք։ Ասելու բան ունես, գրի՛ր»։ Ընթերցվելու, ճանաչում ձեռք բերելու համար միանշանակ գրողն էլ պետք է, այսպես ասած՝ երկկողմանի «երթեւեկության» մեջ լինի, նկատում է Միլիտոնյանը. «Միության անդամները, դպրոցներում ու գրական կրթօջախներում հանդիպումներ կազմակերպելով, բարձրաձայնում ու հորդորում են կարդալ ոչ միայն մեր դասականներին, այլեւ ճանաչել ժամանակակից աշխարհի գրականությունը։ Պարփակվելով ու իմանալով անցյալ դարի մի քանի գրողների անուններ, անհնար է դառնալ գրագետ ընթերցող»։ Գրողների միության նախագահի՝ այս գործին միտված առաջիկա խոշոր ծրագրերից է լինելու ամեն տարի Սեւանի եւ Ծաղկաձորի հանգստյան տներում պոեզիայի միջազգային փառատոնի կազմակերպման խնդիրը օրակարգ բերելը։ Ժամանակակից գրականության հանդեպ ընթերցողների վերաբերմունքի ձեւավորման հարցում Միլիտոնյանը բարձր է գնահատում նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների դերը։ Կարծում է, որ գրականության զարգացման գլխավոր ուղեգիծը մամուլի միջոցով խնդիրների վերհանումն ու քննարկումն է։ Գոհունակություն է հայտնում հատկապես պարբերական մամուլի այն ներկայացուցիչներից, ովքեր ժամանակ առ ժամանակ հանգամանորեն անդրադառնում են արդի գրականությանը հուզող հարցերին։

Նարեկացին՝  գերմաներեն
Աշխատանք է տարվում նաեւ թարգմանական գրականության բնագավառում։ Գրողների միությունը համագործակցում է Լեհաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Իրանի, Չինաստանի եւ մի շարք այլ երկրների մշակութային ու գրական կենտրոնների հետ։ Է. Միլիտոնյանը վերհիշեց, որ երբ «Գրական թերթում» երկու տարի առաջ հրապարակում էին արել այն մասին, որ 2012—2017թթ. քանի ժամանակակից գրող է հրատարակվել արտերկրում, եւ ինչ անթոլոգիաներում ու թերթերում են հայտնվել նրանց գրքերը՝ պատկառելի արդյունք է եղել. «Ես հիշում եմ՝ խորհրդային տարիներին նման ցանկ պարզապես չէր կարող գոյանալ։ Այդ շրջանում ստեղծագործությունները տպագրվում էին հիմնականում ռուսերեն, ապա միայն թարգմանվում այլ լեզուներով։ Այժմ մենք դա անում ենք տվյալ երկրի հետ անմիջական կապերի միջոցով»։ ՀԳՄ նախագահը հատկապես մեծ ձեռքբերում է համարում Գերմանիայի գրական կազմակերպության հետ ունեցած մեծ ու երկարամյա աշխատանքային գործունեությունը, որի հետ համատեղությամբ թարգմանվել եւ հրատարակվել են ժամանակակից հայ գրողների չափածո ու արձակ ժանրի ստեղծագործություններ։ Մի ուրախալի լուր եւս. արդեն տարեվերջին Գերմանիայում, առաջին անգամ լույս կտեսնի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Իսկ ավելի վաղ՝ մայիս ամսին, Հայաստան կգա ստեղծագործության թարգմանական աշխատանքները հանձն առած գերմանացի բանաստեղծ, թարգմանիչ Վիլհելմ Բարչը։ «Նա մի քանի տարի է ինչ զբաղվում է «Մատյան ողբերգության» թարգմանությամբ։ Այս նախաձեռնությունը Գերմանիայի հետ ունեցած մեծագույն գործերից մեկը կարելի է համարել»,-կարեւորեց Է. Միլիտոնյանը։ Միությունը արդյունավետ աշխատում է նաեւ Իրանի գրական կենտրոնների հետ։ Համագործակցության շնորհիվ թարգմանվում եւ տպագրվում են հայ եւ պարսիկ ժամանակակից գրողների գրքեր։ Թեհրանի «Աֆրազ» հրատարակչության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն հրատարակվելու են 13 հայ բանաստեղծների աշխատանքներ, 8-ը արդեն տպագրվել են։ Բոլորովին վերջերս Երեւանում էլ լույս տեսավ իրանական ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներեւ» անվամբ ժողովածուն՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության հաղթանակի տարեդարձին։ Թբիլիսիում լույս տեսնող հայալեզու «Կամուրջ» պարբերականը վկայում է հայ-վրացական գրական կապի մասին։
Ժամանակակից գրականության լավագույն նմուշները, որոնք արժանացել են մրցանակների, հանրության բարձր կարծիքի, ՀԳՄ նախագահի բնորոշմամբ, պիտի մշտապես առաջարկվեն այն երկրներին, որոնք որոշակի մակարդակ են խոստանում։ Լուրջ աշխատանք ու բարձր որակ է պահանջում նաեւ թարգմանական գործը. «Հայաստանում քիչ թարգմանիչներ կան, ովքեր կարող են գեղարվեստական որակ ապահովել»։ Ամեն տարի հոկտեմբերին Հայաստանում կազմակերպվում է Թարգմանչաց տոն։ Հրավիրվում են տարբեր երկրներից թարգմանիչներ։ Ծրագրեր կան Բուլղարիայի ու Բելառուսի հետ։ Մեր գրողները մասնակցում են նաեւ արտասահմանյան գրողների հոբելյաններին, նրանց գործերը թարգմանելու աշխատանքներին։ «Սա եւս մեծ ձեռքբերում է։ Գրողը պետք է աչքի ընկնի նաեւ գրական կապերով»,-ընդգծեց Է. Միլիտոնյանը։ Վերջին շրջանում օտար ընթերցողի սեղանին են դրվել Հենրիկ Էդոյանի, Գագիկ Դավթյանի, Արտեմ Հարությունյանի, Վարդան Հակոբյանի եւ այլ հեղինակների գործեր։
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ այս տարի՝ ապրիլի 3-ին, մանկական գրքի հանրապետական շաբաթի մեկնարկը կտրվի Արմավիրի մարզպետարանի շենքի դահլիճում եւ ավանդաբար կավարտվի Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am