Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքները. թուրքագետ

Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած 
տարածքները. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայում վերահսկողության տակ վերցված տարածքներում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը վկայում են, որ Թուրքիան չի պատրաստվում արագ ետ քաշվել այդ տարածքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մարտի 20-ին հրավիրված ասուլիսում:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինում  տարածքներ գրավելուց հետո միաժամանակ իրականացնում է երկու կարևոր քայլ` վերաբնակեցման և կրթական տեսանկյունից:

«Չնայած Թուրքիան փորձում է ներկայացնել, թե տեղի ժողովուրդը ուրախ է և ողջունում է թուրքական բանակին, իրականում բնակիչները փախչում են: Թուրքիան տարբեր վայրերից այդ տարածքներ է տեղափոխում թյուրքական ծագմամբ ժողովուրդների, իր համար ավելի վստահելի տարբեր էթնիկ  խմբերի: Թուրքիան փորձում է այդ տարածքների կենսագործունեության համար որոշակի հիմքեր ստեղծել: Մասնավորապես, բաժանվում են անձնագրի նման փաստաթղթեր, որոնք ձևակերպված են հենց «Ձիթենու ճյուղ գործողության  շրջանի փաստաթուղթ» և անձը հաստատող փաստաթղթի դեր են կատարում: Քայլեր են կատարվում նաև կրթական ոլորտում: Այս տարածքների դպրոցներում սկսում են գործել թուրքական դպրոցների կրթական ծրագրերը: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան ունի մտադրություն երկար ժամանակ այդ տարածքներում մնալու»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք Թուրքիայի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ, անշուշտ, կա պայմանավորվածություն, կամ լուռ համաձայնություն:

« Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշմանը, կարծում եմ, որ, իհարկե, միամիտ կլինի ենթադրել, որ ոչ մի պայմանավորվածություն չկա: Անշուշտ կա պայմանավորվածություն կամ լուռ համաձայնություն, որ Թուրքիան իրականացնի այս գործողությունները: Կարծում եմ, որ կա որոշակի տարածքային բաժանում, թե որ տարածքները որ պետության համար կարևորություն ունեն: Գիտենք, որ ռուսական ուժերը վերահսկում են իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական տարածքներ, որտեղ գտնվում են նաև իրենց բազաները: Եվ այս ամենը չի կարող լինել առանց ռուսական կողմի հետ որևէ պայմանավորվածության: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և քրդերին, Թուրքիան ԱՄՆ-ին ցույց տվեց, որ այս հարցում վարում է ինքնուրույն քաղաքականություն և որ քրդական խնդիրը կարևոր է նաև Թուրքիայի ներքին քաղաքականության տեսանկյունից: Սիրիայում լռեցնելով քրդերին՝ Էրդողանը լռեցնում է նաև Թուրքիայում քրդերի հնարավոր ընդվզումը: Եթե նայում ենք իրադարձություններին, այսօր Թուրքիայում, ըստ էության, քրդական որևէ լուրջ ընդվզում և  բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում: Նույնիսկ քուրդ պատգամավորների ելույթները համեմատաբար մեղմ են, քուրդ պատգամավորներից և գործիչներից շատերն էլ գտնվում են բանտերում»,- նշեց Մելքոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե աշխարհը ինչո՞ւ է լռում՝ տեսնելով քրդերի նկատմամբ իրականացվող հալածանքները, Մելքոնյանը պատասխանեց, որ այս ամենը տեղի է ունենում աշխարհի, այսինքն՝ գերտերությունների և ուժային կենտրոնների լուռ համաձայնության ներքո:

«Անշուշտ, սրանք չեն կարող լինել մարդասիրական խնդիրներ: Այս ամենն ունի քաղաքական շատ խորը պայմանավորվածությունների բնույթ: Գերտերությունները Մերձավոր Արևելքում ունեն իրեն համապատասխան շահերը, և այդ շահերը միշտ ավելի գերակա են, քան տարբեր ժողովուրդների ինքնորոշումը, մարդասիրական ինչ-որ տենդենցներ և այլն: Կարծում եմ, որ այս անգամ նույնպես, ինչպես գերտերությունների, այնպես էլ եվրոպական շատ երկրների համար գերակա են իրենց շահերը, որոնց համար էլ նրանք պահպանում են լռություն»,- նշեց Մելքոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am