Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում առանց վարորդի Uber-ի մեքենան դարձել է 49-ամյա կին հետիոտնի մահվան պատճառը

ԱՄՆ-ում առանց վարորդի Uber-ի մեքենան դարձել է 49-ամյա կին հետիոտնի մահվան 
պատճառը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արիզոնա նահանգում Uber-ի կողմից տեստավորվող ինքնավար մեքենան, որն ունեցել է արտակարգ իրավիճակների դեպքում պահուստային վարորդ, հարվածել է 49-ամյա կին հետիոտնին ու նրա մահվան պատճառը դարձել: Սա համարվում է առաջին դեպքը, երբ հետիոտնի մահը կապվում է ինքնավար տեխնոլոգիաների հետ: Ընկերությունն արագորեն կասեցրել է ինքնավար մեքենաների տեստավորումը Տեմպեում (որտեղ դեպքը պատահել է), ինչպես նաև Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում և Տորոնտոյում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «The New York Times» պարբերականը:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի` Տեմպեի ոստիկանության խոսնակն ասել է, որ Volvo XC90 մակնիշի սպորտային մեքենան ընթացել է 40 մղոն/ժամ արագությամբ, երբ հարվածել է Էլաին Հերցբերգին, ով փողոցով քայլում էր հեծանիվը բռնած:
Ոստիկանությունից հավելել են, որ, ինչպես երևում է, ինքնավար ավտոմեքենան չի դանդաղեցրել իր ընթացը հարվածի պահին, իսկ արտակարգ իրավիճակների համար նախատեսված վարորդը  իրավիճակի վատթարացման նշան ցույց չի տվել: Եղանակը եղել է պարզ ու չորային: Հոդվածագրի խոսքով` պատահարը այն բանի վկայությունն է, որ ինքնավար տեխնոլոգիան դեռևս փորձարկման փուլում է, և կառավարությունները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են կարգավորել այն:
Հայտնի չէ՝ Արիզոնայի վթարը կստիպի՞ այլ ընկերություններին կամ նահանգային իշխանություններին դանդաղեցնել ինքնավար մեքենաների տեղակայումը հանրային ճանապարհներին:
«Այս ողբերգական պատահարը պարզ է դարձնում, որ ինքնավար մեքենաների տեխնոլոգիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև իրապես անվտանգ կլինի անցորդների, հետիոտների և վարորդների համար»,-ասել է սենատոր Ռիչարդ Բլումենտալը, ով դեմոկրատ է Կոնեկտիկուտից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am