Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում կանխատեսում են գլոբալ քաղաքականության մեջ Պուտինի դերի ամրապնդում

Հայաստանում կանխատեսում են գլոբալ քաղաքականության մեջ Պուտինի դերի 
ամրապնդում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքագետներն ու քաղաքական գործիչները վստահ են՝ Պուտինը նախագահական ընտրությունում հաղթանակով ոչ միայն հաստատեց ժողովրդի մոտ իր վստահությունը և  ամրապնդեց դիրքերը, այլ նաև կշարունակի Ռուսաստանը գլոբալ դերակատարի վերածելու արդեն իսկ սահմանած արտաքին քաղաքական  ուղեգիծը:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Հակոբյանն ու քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

«Ռուսաստանի նախագահի ընտրություններում աննախադեպ թվով ձայները վկայում են այն մասին, որ ռուսաստանցիներն իսկապես վստահում են Վլադիմիր Պուտինի վարած արտաքին քաղաքականությանը: Կարծում եմ՝ ընտրություններն անցկացվել են բավականին բարձր մակարդակով, միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացավ ձայների աննախադեպ մեծամասնությունը, որն իր կարիերայում ամենաշատն էր: Կարծում եմ, աշխարհաքաղաքական իրավիճակում փոփոխություններ չեն լինի: Դրությունը կպահպանվի, քանի որ, ըստ էության, ստատուս քվոն չի փոխվել»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Խոսելով Ռուսաստանի հայերի վրա ընտրության ազդեցության մասին՝ քաղաքագետը նշեց, որ հայկական համայնքի համակրանքը մշտապես եղել է Վլադիմիր Պուտինի կողմը: Եվ կարծում է՝ այս անգամ էլ ոչ մի բան չէր փոխվել:

Նարեկ Գալստյանի կարծիքով՝  ընտրության արդյունքներն ակնկալելի էին: Վլադիմիր Պուտինի շատ ձայներ հավաքելն ու վերընտրվելը, կարծում է, ոչ ոքի համար կասկած անգամ չէր հարուցում: Խոսելով արտաքին քաղաքականության վրա ընտրության ազդեցության մասին՝ Գալստյանը  նշեց՝ Ռուսաստանը կշարունակի այն արտաքին քաղաքական ուղեգիծը, որը Պուտինը արդեն իսկ սահմանել էր,  այն է՝ վերածվել գլոբալ դերակատարի մասնավորապես Ռուսաստանի համար կենսական շահ ներկայացնող տարածաշրջաններում: «Կարծում եմ, մոտ ժամանակում դիմակայությունն Արևմուտքի հետ կշարունակվի, ինչը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի քաղաքականությամբ, այլ նաև նրա նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքով: Դա մեզ համար ոչ այնքան դրական, որքան բացասական ազդեցություն կունենա: Մեր տարածաշրջանը, լինելով բազմաթիվ ուժերի շահերի հատման կետ, բավական խոցելի է, քանի որ տեղի երկրները, այդ թվում նաև Հայաստանը բավական զգայուն են արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ: Ուժեղների մրցակցությունը կամ բախումը մեզ համար բացասական հետևանքներ կարող է ունենալ »,-ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը, լինելով հետխորհրդային երկիր, այդ թվում նաև Ռուսաստանի ղեկավարած ինտեգրացիոն խմբավորման մաս, կախված է այդ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, առաջին հերթին Ռուսաստանի տնտեսությունից:

«Իհարկե, Պուտինի նոր վարչակազմի համար նախընտրելի կլինի ձգտել առավելագույնս պահպանել տեղի հայ համայնքի լոյալությունն իրենց նկատմամբ: Չեմ կարծում, որ համայնքի ղեկավարությունը կփորձի հակադրվել նախագահի վարած ներքին քաղաքականությանը»,-եզրափակեց նա:

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am