Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Նախարարությունը պարզաբանում է շարունակական բուժման դեպքում դեղատոմսով դեղ ձեռք բերելու կարգը


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունն արձագանքել է «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, որում անդրադարձ է կատարվել հիվանդանոցային բուժումից հետո դուրս գրվող հիվանդի շարունակական բուժման համար դեղատոմս գրելու խնդրին, թե որ բժշկական փաստաթղթում է անհրաժեշտ գրառում կատարել այդ մասին:

«Արմենպրես»-ին տրամադրված պարզաբանման մեջ նախարարությունը հստակեցնում է, որ դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի 19-րդ կետում սահմանված է, որ «գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է հիվանդի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ»:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ներկայացնում է, թե ում կողմից և ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։

  1. Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1

Նշանակվում և լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:

Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

  1. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

 

  1. Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3

Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:

  1. Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմսN 4

Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:

Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են  բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

Բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից, բացառությամբ դեղատոմս N 1-ի:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ