Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Երաժշտական և արվեստի դպրոցները կհամալրվեն նոր երաժշտական գործիքներով


ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի արդյունքում 2017 թվականին ձեռք բերված 13 անուն` 98 երաժշտական գործիքներ կտրամադրվեն  46  ուսումնական հաստատությունների, երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 88 շնորհալի աշակերտի և 10  նոր ձևավորված մասնագիտական դասարանի սաների: Երաժշտական գործիքների հանձնման արարողությունը տեղի ունեցավ մարտի 14-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Սա շատ պարտավորեցնող իրադարձություն է, քանի որ ամեն տարի այստեղ հավաքվում ենք, որ շնորհակալություն հայտնենք այն շնորհալի երեխաներին, որոնք բարձր առաջադիմություն ունեն, շնորհակալություն ենք հայտնում այն մասնագետներին, մանկավարժներին, որոնք իրենց դերն են խաղացել այդ գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Նա հավելեց, որ երաժշտական գործիքներ ձեռք բերելը և դրանք երեխաներին հասցնելն ինքնանպատակ չէ: «Մենք ցանկանում ենք, որ մեր ստեղծագործող երեխաները լավագույն գործիքներով պատրաստեն իրենց դասերը, դպրոցներին, մանկավարժներին և տնօրեններին խրախուսում ենք նոր ազգային նվագարանների դասարաններ բացել»,-շեշտեց նա:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանի խոսքով` հուզումնալից օր է, քանի որ բազմաթիվ երեխաներ են անհամբերությամբ սպասել այդ պահին: Նրանք ցանկանում են նոր գործիքներով մասնակցել մրցույթների, փառատոնների, ավելի լավ ներկայանալ երաժշտասերներին:

«Քանի դեռ կան երաժշտական դպրոցներ, որոնք մեծ եռանդով են աշխատում, կլինի գործիքների պահանջարկ, եթե կարողանանք դրանք ապահովել երաժշտական գործիքներով, կմեծանա երեխաների հոսքը երաժշտական և արվեստի դպրոցներ»,-ընդգծեց Սարգսյանը:

Երաժշտական գործիքներ կստանան Աշտարակ քաղաքի, Ուջան համայնքի և այլ երաժշտական դպրոցները, Բյուրեղավան քաղաքի, Գյումրի համայնքի, Վայք քաղաքի և այլ արվեստի դպրոցներ:

2007 թվականից  ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվում է «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով  ուսուցում» ծրագիրը, որի շրջանակում յուրաքանչյուր տարի շուրջ 2400 աշակերտ ստանում է անվճար ուսուցման հնարավորություն: Ծրագրի իրականացման արդյունքում՝ մի շարք դպրոցներում վերաբացվել են ազգային լարային և փողային նվագարանների  բաժինները: 2013 թվականից Մշակույթի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների և մասնագիտական լսումների արդյունքները ցույց են տվել, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասը և զգալի մասի մաշվածությունը բացասաբար է անդրադառնում կրթամշակութային հաստատությունների ուսումնական գործընթացի վրա: 2013-ին մշակույթի նախարարությունը նախաձեռնել է «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը: Ծրագրով գնված երաժշտական գործիքները տրամադրվում են երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ