Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Գերմանացի պատգամավորն իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դադարեցման ուղղությամբ


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեն մտահոգություն է հայտնել, որ եթե Թուրքիան սիրիական Աֆրինում շարունակի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ապա Աֆրինի խաղաղ բնակչությունը կարող է կանգնել զանգվածային կոտորածի առջև:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Թուրքական զորքերի և Ալ Քաիդայի նման իսլամական խմբավորումների պատճառով Աֆրինից արտագաղթել է մոտ 8 հազար խաղաղ բնակիչ: Եթե միջազգային ուժերը, Եվրոպան և Գերմանիան շարունակեն լռել, Աֆրինում նոր կոտորածներ տեղի կունենան: Գերմանիայի կառավարությունը պետք է րոպե առաջ խախտի լռությունը, իսկ ՆԱՏՕ-ն պետք է գործընկեր Թուրքիային հասկացնի իր գործողությունների անօրինականությունը»,-նշել է գերմանացի պատգամավորը:

 Ուլլա Յելպկեն Թուրքիային մեղադրել է նման գործողություններով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև այդ շրջանների եզդի և ալևի ժողովուրդների համար սպառնալիք լինելու մեջ:

 «Թուրքական բանակն Ալ Քաիդայի և այլ ջիհադական խմբավորումների հետ ակնհայտ կերպով պատճառ է հանդիսանում եզդի և ալևի ժողովուրդների արտագաղթի համար: ԻՊ-ն նոր գործողություններ է ձեռնարկում Թուրքիայի օգնությամբ: Գերմանիան և Եվրոպան մինչև ե՞րբ են մնալու լուռ հանդիսատեսի կարգավիճակում»,- եզրափակել է Յելպկեն:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ