Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Հայաստանում ավելացել է ալերգիկ հիվանդությունների տարածումը

Հայաստանում ավելացել է ալերգիկ հիվանդությունների տարածումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ալերգիկ հիվանդությունների տարածումն ավելացել է: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, մանկական ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ  ընդհանուր առմամբ, ալերգիաները զարգացող երկրներում ավելի քիչ են հանդիպում, քան զարգացածներում, սակայն վերջին շրջանում զարգացող երկրներում նույնպես հիվանդության տարածման միտում է նկատվում: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Ըստ նրա` հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ավելի հաճախ տարածում ունեցող ալերգենը, որը հարուցում է ալերգիկ հարբուխի ախտանիշներ, մարգագետնային խոտերի խառնուրդներն են, որոնց ծաղկման սեզոնը համարվում է ապրիլի վերջից կամ մայիսից սկսած մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:

«Այդ խնդիրներն ունեն երկու տեսակի բուժում, մեկն ախտանիշային բուժումն է, երբ սեզոնը սկսելուց մեկ շաբաթ առաջ նշանակվում է դեղորայք, որոնք մեղմում կամ վերացնում են հիվանդության ախտանիշները: Եվ կա վերջնական լուծում, որը հասանելի է նաև Հայաստանում: Արդեն կարելի է նախասեզոնային բուժում իրականացնել: Նախ` պարզվում է, թե ինչի նկատմամբ է տվյալ անձն ալերգիկ և եթե տվյալ ալերգենն ունի ստանդարտացված բուժական լուծույթներ, ապա հնարավոր է սեզոնը սկսելուց առաջ ենթամաշկային ներարկումների կամ ենթալեզվային հաբերի, լուծույթների միջոցով այնպես անել, որ մարդու օրգանիզմն ալերգիայի նկատմամբ հանդուրժողականություն զարգացնի: Այդ դեպքում ախտանիշները սեզոնին շատ ավելի քիչ կսրվեն»,-ասաց նա:

Խոսելով ալերգիաների պատճառներից` Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ  ամենաքննարկվողներից մեկը հիգիենայի վարկածն է, երբ վաղ տարիքում երեխայի իմունային համակարգն ավելի քիչ է շփում ունենում միկրոօրգանիզմների հետ, այն սկսում է աշխատել շեղված ուղղությամբ, զարգացնում է հակամարմիններ, որոնք վնասում են սեփական հյուսվածքը:

Թոքերի, շնչուղիների հետ կապված հիվանդությունների ավելացում նույնպես նկատվում է: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ այդ համատեքստում առավել տարածված են այն հիվանդությունները, որոնց առաջացման հիմնական պատճառը ծխելն է:

«Մենք ժամանակին դպրոցահասակ երեխաների շրջանում կատարել ենք հետազոտություն: Ըստ արդյունքների` այն ընտանիքներում, որտեղ ծխողներ կան, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ երեխաներն ունեն բրոնխիալ ասթմայի ախտանիշներ: Ի դեպ, Հայաստանում բրոնխիալ ասթման տարածված հիվանդություններից է: Մեծահասակաների մոտ կա մինչև 3-4 տոկոս  տարածվածություն,  երեխաների մոտ` մինչև 12 տոկոսը»,-ասաց նա:

Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունները զարգանում են ամբողջ աշխարհում, և դա կապված է ոչ միայն ծխելու հետ, այլ այն հանգամանքի հետ, որ մարդու իմունային համակարգը չի հասցնում հարմարվել շրջակա միջավայրի փոփոխությունների հետ` արտանետումներ, օդի աղտոտվածություն, ոչ առողջ սնունդ, դրան էլ գումարվում է մարդկանց պասիվ կյանքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]