Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Լևոն Հովսեփյանը մինչև 2019 թ. ավարտը հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց չի ակնկալում


ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը միշտ եղել է բաց ու հաստատակամ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ պաշտոնական Երևանը ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հստակ հնչեցրել է իր հետագա քայլերը:

«Հայաստանը չեղյալ համարեց արձանագրությունները, և դա Թուրքիայի քաղաքականության հետևանքն էր: Թուրքիան հրաժարվեց միջազգային հարաբերությունների սկզբունքներով ստանձնած իր հանձնառությունների կատարումից, որը դրվել էր գործընթացի հիմքում: Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության արդյունքում հասավ այս տրամաբանական կետին»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Թուրքագետը նշեց, որ Հայաստանը մտավ համարձակ, բավական զգայուն մի ոլորտ` կառուցողական դիրքերով և միջազգային իմիջի, քաղաքական ներկայանալիության առումով գրավեց իր տեղը, ինչը կարևոր է:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում երկրի ներսում, եթե այն ժամանակ նրանք գնում էին դեպի ժողովրդավարացում, կարծրատիպերի քանդում, ապա այժմ հակառակն է՝ Թուրքիան գնում է դեպի ավտորիտարիզմ: Իշխանական բուրգում եթե այն ժամանակ կային փոխզսպման մեխանիզմներ, ապա հիմա դրանք չկան: Բուրգի գագաթին նախագահ Էրդողանն է՝ իր արկածախնդրային մոտեցումներով ու նեղ շրջապատով, որտեղ որոշումներ են կայացվում: Թուրքիան բավական փոխվել է, այն երկիրը չէ, որ գնում էր դեպի ԵՄ»,- ասաց նա:

Թուրքագետն առանձնացրեց գլոբալ հարթությունում այս ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես այն, որ գործընթացի նկատմամբ միջնորդների կողմից եղավ անհետևողականություն, սկսեցին ժլատ գտնվել՝ ճնշումներ բանեցնելու առումով, որովհետև նրանց շրջանում հետաքրքրությունը ևս նվազեց աշխարհաքաղաքական իրավիճակի պայմանների փոփոխության համատեքստում:

«Եթե ՀՀ նախագահի մեսիջները դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ պաշտոնական Երևանը միշտ այդ ուղերձը տվել է՝ մենք պատրաստ ենք կառուցողական դաշտում գործելու, հարաբերությունները կարգավորելու, և դուռը չի փակվում, եթե Թուրքիան կամք դրսևորի: Հայաստանը կարողացավ միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքը սկզբունքային խաղացող է և գործընթացում հավատարիմ մնաց իր հանձնառություններին»,-ասաց նա:

Խոսելով առաջիկա հնարավոր զարգացումների մասին՝ Լևոն Հովսեփյանը նշեց, որ մինչև 2019 թ. ավարտը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում որևէ բան սպասել պետք չէ: Երկիրը պատրաստվում է ընտրությունների: 2019-ից հետո, եթե որևէ նոր գործընթաց լինի, ապա հայկական կողմը պետք է հաշվի առնի Թուրքիայի հետ հարաբերվելու նոր մեթոդաբանությունը, նոր մեխանիզմները և հնարավորությունները:

2008 թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, ինչի արդյունքում 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ