1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գնահատել ու խրախուսել երիտասարդներին. տեղի ունեցավ «Հայկյան-2017» մրցանակաբաշխությունը

Գնահատել ու խրախուսել երիտասարդներին. տեղի ունեցավ «Հայկյան-2017» 
մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիայի թատրոնում տեղի ունեցավ ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակների արժանացան 2017թ. ընթացքում երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած գործիչները, կառույցները, երիտասարդական ծրագրերի հեղինակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ` հույս հայտնելով, որ այսօր նրանց ստացած մրցանակները բաղադրիչներն են դառնալու հաջողությունների այն երկար շղթայի, որ երիտասարդները հետագայում էլ պետք է ունենան` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի: 

««Հայկյան» մրցանակաբաշխությունը սահմանվել է 2001 թվականին, այսինքն՝ այս մրցանակաբաշխությունը 21-րդ դարի զավակ է: Դուք էլ եք 21-րդ դարի զավակներ՝ անկախ նրանից, որ ձեզնից ոմանք հնարավոր է լույս աշխարհ են եկել նախորդ դարի վերջերին: Միևնույնն է` 21–րդ դարը ձերն է, 21-րդ դարում դու՛ք պետք է հասնեք հաջողությունների, 21-րդ դարում Հայաստանի պատիվը դու՛ք պետք է պահեք, Հայաստանի հաջողության գրավականը դու՛ք պետք է լինեք: 

Ես, անշուշտ, ծանոթացել եմ մրցանակակիրների աշխատանքներին և նորից համոզվել եմ շատ պարզ մի ճշմարտության մեջ` աշխատող, պրպտող մարդը միշտ էլ կարող է գտնել հաջողության ճանապարհը: Սա աքսիոմա է: Այստեղ հարցեր չեն կարող լինել: Բնական է՝ մեզնից յուրաքանչյուրը չի կարող հասնել ամենամեծ հաջողությանը, բայց անհնար է, որ աշխատասեր մարդը, պրպտող մարդը հաջողության ինչ-որ մի աստիճանի չհասնի: Ուզում եմ, որպեսզի նրանք, ովքեր արդեն ունեն որոշակի հաջողություններ` զարգացնեն, հասնեն մի այնպիսի աստիճանի, երբ իրենք կհամարեն, որ իրենց ներուժը իրացվել է, որովհետև հասարակության համար վտանգավոր են այն անհատները, ովքեր համարում են, որ ինչ-ինչ պատճառով իրենց ներուժը չի իրացվել: Հետագայում նրանք սկսում են հասարակությունից ակնկալել ու պահանջել այնքան, որքան հասարակությունն ի վիճակի չէ տալու, և այստեղ կոնֆլիկտ է առաջանում: Մի հավատացեք այն սին խոսքերին, որ` իմ բախտը չի բերել, նրանց բախտը բերել է: Բերում է նրա բախտը, ով առավոտ կանուխ արթնանում է և վազում իր բախտի հետևից՝ ազնիվ ճանապարհով, աշխատանքով և, իհարկե, ընդունակություններն իրացնելով: 
Նորից եմ կրկնում, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորիս հույսը դուք եք և ի դեմս ձեզ՝ Հայաստանի ուսանողությունը, Հայաստանի երիտասարդությունը: Միգուցե ծեծված խոսքեր են, բայց ապագան ձերն է, և դուք միշտ պետք է կարողանաք արժանավայել ու արժանապատիվ անցնել ձեր ճանապարհը»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ կիսում է միջոցառման մասնակիցների կողմից երեկոյի ընթացքում բազմիցս արտահայտված լավատեսությունը, թե ամեն ինչ լավ է լինելու: 

Միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ «Հայկյան» մրցանակաբաշխությունը 17 տարի անընդմեջ իրականացվող ծրագիր է, որը գալիս է խրախուսելու, գնահատելու  երիտասարդներին, ուսանողներին և բոլոր այն նախաձեռնություններին, որոնք իրենք տարվա ընթացքում իրականացնում են: «Այս 17 տարիների ընթացքում՝ ի ուրախություն մեզ, պետք է ասեմ, որ որևէ բողոք և անհամաձայնություն չի եղել: Հաղթողները եղել են թե արժանի անհատներ, թե արժանի կազմակերպություններ»,- նշեց Ավագյանը:

Նա հավելեց, որ վերջին տարիներին  մրցանակաբաշխությանն ավելացրել ենք նաև հատուկ մրցանակներ, որոնք տրվում են հատուկ ձևով: «Այսինքն, դրանք մի փոքր շեղված են մեր մրցանակաբաշխության կանոններից: Ոչ թե իրենք են ընտրում և իրենք են դիմում Երիտասարդական հիմնադրամին, այլ Երիտասարդական հիմնադրամն է բացահայտում այն անհատներին, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ծրագրերով, աշխատանքով, ձեռքբերումներով: Դրա համար հատուկ մրցանակ ստացող անձանց մեջ դուք կտեսնեք և զինվորականներ, և մարզիկներ, և երիտասարդ գիտնականներ: Մի խոսքով՝ մարդկանց, ովքեր տարվա ընթացքում գլուխը կախ իրենց գործն են արել, երբևէ չեն էլ մտածել մրցանակ ստանալու մասին: Այսպիսի մարդիկ նույնպես հնարավորություն են ունենում ստանալ «Հայկյան» մրցանակ»,- մանրամասնեց Ավագյանը:

Նա վստահեցրեց, որ ծրագիրը սպասված է, այն շատ կարևոր է, որովհետև սա լավագույն օրինակն է, որտեղ երիտասարդները քրտնաջան և նվիրված աշխատանքով կարողանում են նման մրցանակների արժանանալ: Կարեն Ավագյանը նաև ընդգծեց, որ գնալով դժվարանում է ընտրությունը, շատանում են ծրագրերը և ամեն տարի ավելի դժվար է դառնում հաղթահարել այն շեմը, որից հետո կարելի է արժանանալ «Հայկյան» մրցանակի:

Միջոցառման ընթացքում մրցանակներ հանձնվեցին 11 անվանակարգում:

Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին անվանակարգում մրցանակ ստացավ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։

Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ անվանակարգում մրցանակ ստացան Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը։

Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին անվանակարգում մրցանակ ստացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Լավագույն երիտասարդական գիտական նվաճում անվանակարգում մրցանակի արժանացավ գիտնական Նարեկ Սահակյանը:

Ինքնատիպ երիտասարդական նախագիծ անվանակարգում մրցանակի արժանացավ Երևանի պետական բժշկական համալսարանի երիտասարդական խորհրդարանը: 

Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ անվանակարգում մրցանակ ստացավ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը։

Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ անվանակարգում մրցանակ ստացավ «Երիտասարդ առցանց պորտալ» նախագիծը:

Լավագույն միջբուհական ծրագիր անվանակարգում մրցանակի արժանացավ «Միջբուհական մարզային և ինտելեկտուալ ունիվերսիադա » ծրագրի ղեկավար Սոֆյա Գրիգորյանը:

Լավագույն երիտասարդական ՀԿ Երևանում անվանակարգում մրցանակ ստացավ «Ոչ պետական բուհերի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում անվանակարգում մրցանակի արժանացավ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը:

Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր անվանակարգում մրցանակ ստացավ Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիան:

Ավանդական անվանակարգերից բացի շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ: Հատուկ մրցանակների արժանացան հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Արմենիա» հեռուստաընկերությունը «Հին արքաներ» սերիալի համար, Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագիծը, Արցախի առաջին պաշտպանական շրջանի  բուժծառայության պետ Գևորգ Հարությունյանը և այլն:

«Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ընդունվել է մոտ 40 հայտ Հանձնաժողովի կողմից նշված անվանակարգերում ընտրվել են լավագույնները: Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով. երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հայտնի երգիչ-երգչուհիներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]