Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

«Օրինաց երկիր»-ը վերադառնում է ակունքներին. տեղի ունեցավ կուսակցության 15-րդ համագումարը

«Օրինաց երկիր»-ը վերադառնում է ակունքներին. տեղի ունեցավ կուսակցության 15-րդ 
համագումարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը վերադառնում է ակունքներին և խոստանում է դառնալ յուրօրինակ խոսափող հասարակության և որոշում կայացնողների միջև` բարձրաձայնելով հասարակության մտահոգությունների մասին: Փետրվարի 24-ին կայացավ կուսակցության 15-րդ համագումարը, որն առաջինն էր «Հայկական վերածնունդ» կուսակցության լուծարումից հետո:

Համագումարի ընթացքում բաց քվեարկությամբ կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, ով իր ելույթում խոստացավ, որ լինելու են ակտիվ քաղաքական դաշտում և ազնվորեն բարձրացնելու են հասարակությանը հուզող խնդիրները: «Ցանկացած պարագայում առաջընթացի միակ զենքը պայքարն է, հուսահատված մարդը որևէ դա անել ի զորու չէ, պետք է համախմբվենք: Մենք պայքարելու ենք, որ ՕԵԿ-ի այսօրվա վերածնունդը մեզ տանի վճռականության, պայքարի  ճանապարհով, որ կարողանանք փուլ առ փուլ գնալ մեր ծրագրերի իրականացման ճանապարհով գնալ: Գնահատելով բացթողնումերը, սխալները` գնալու ենք առաջ, որի հիմքում մեր հայրենիքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արթուր Բաղդասարյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության նորընտիր նախագահն ընդգծեց, որ վերադառնում են ակունքներին` չհերքելով, որ ունեցել են սխալներ, որոնք, սակայն, ճակատագրական չեն եղել: «Մենք վերադառնում ենք ակունքներին: Ունեցե՞լ ենք սխալներ, իհարկե ունեցել ենք, ճակատագրակա՞ն են դրանք եղել, չեմ կարծում, ազնի՞վ ենք եղել մենք, իհարկե ազնիվ ենք եղել, հաջողվե՞լ է մեր ծրագրերը իրականացնել, լոկալ առումով որոշ պայմաններում հաջողվել է»,-ասաց նա:
Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության լուծարմանը` Արթուր Բաղդասարյանն ասաց, որ  իրենց նպատակն էր Հայաստանում նոր հասարակական ուժ ձևավորել, ստեղծել համախմբված միավորված քաղաքական կազմակերպություն, որը կգնար  երկիրն առաջ տանելու  ճանապարհով: «Ստացվե՞ց իրականացնել այդ գործընթացը, ես կարող եմ ասել և՛ այո, և՛ ոչ:  Այո, որովհետև մեր կոչին հարյուրից ավելի կազմակերպություն արձագանքեց: Բնականաբար նաև գաղափարը չստացվեց, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի կուսակցություններ հայտարարեցին իրենց անդամակցության  դադարեցման մասին»,-նշեց նա` խոստանալով ակտիվորեն հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:

Ելույթ ունեցավ նաև կուսակցության հնաբնակներից Հեղինե Բիշարյանը, ով նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր: Նա նշեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ՕԵԿ-ը 21 տարի շարունակ պայքարող ուժ է եղել, և հիմա չի կարող կանգնել և դադարեցնել պայքարը:  «ՕԵԿ-ը 21  տարի շարունակ պայքարել է և ունի իր լուրջ դերակատարությունը, տեղը, դերն ու նշանակությունը և իր կատարած աշխատանքը, որի առաջ պետք է խոնարհվել: Մենք մեր գործունեության ընթացքում 260 օրենք ենք հեղինակել, որոնցից 40-ը, ցավոք, այդպես էլ օդում մնացին, որովհետև մենք չհասցրեցինք դրանք կյանքի կոչել, սակայն հպարտանում ենք մեր կատարած աշխատանքով»,- ասաց Բիշարյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]