Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թումանյանագիտական նոր հրատարակություններ` բանաստեղծի ծննդյան 150- ամյակին ընդառաջ

Թումանյանագիտական նոր հրատարակություններ` բանաստեղծի ծննդյան 150-
ամյակին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 19-ը, որը հանրապետությունում հռչակվել է Գիրք նվիրելու օր, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հաջորդ տարին հոբելյանական է՝ կնշվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն արդեն իսկ այդ իրադարձության շրջանակում աշխատանքներ է իրականացնում: Հրատարակվում են թումանյանագիտական ուշագրավ աշխատություններ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը նշեց, որ հոբելյանական հանդիսությունների շրջանակում նոր հրատարակությունների մեկնարկը տրվել էր դեռեւս անցյալ տարի` բ.գ.դ. Ավիկ Իսահակյանի «Վերնատան զավակները» գրքով: Անցյալ տարվա վերջին նաեւ տպագրվել եւ այս տարի ընթերցողների սեղանին է դրվել ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Եվա Մնացականյանի «Բանավեճերը գրական հայերենի շուրջ եւ Հովհաննես Թումանյանը» (360 էջ) ուսումնասիրությունը: «Թումանյանի ծննդյան 150-ամյակով պայմանավորված, ինստիտուտի աշխատանքների շրջանակում ավելի մեծ տեղ ենք հատկացրել բանաստեղծին վերաբերող ուսումնասիրություններին: Դրանց մի մասը գալիս է ընդհանուր ծրագրերից, իսկ մի շարք գործեր նախատեսել եւ իրականացնում ենք հոբելյանի շրջանակում»,-ընդգծեց Վ.Դեւրիկյանը: Ինստիտուտում գործող թումանյանագիտության խումբը վերջին տարիներին իրականացնում է նաեւ «Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրություն» քառահատոր հրատարակությունը: Արդեն լույս են տեսել առաջին երկու հատորները: Դրանցից յուրաքանչյուրը 800 էջից ավելի է: Ավարտվել են նաեւ երրորդ հատորի կազմման աշխատաքները: Գիրքը տրվել է էջադրման ու լույս կտեսնի հունիսին:  Այն ընդգրկում է Թումանյանի կյանքի և ստեղծագործական գործունեության 1915-1919 թվականները: «Այստեղ լուսաբանվում է նաեւ բանաստեղծի գործունեությունը Առաջին Հանրապետության տարիներին»,- ասաց ինստիտուտի տնօրենը:

Վերջինիս գնահատմամբ, մինչեւ այսօր չի կազմվել որեւէ հայ գրողի կամ ընդհանրապես որեւէ հայ գործչի նման ծավալուն, մանրակրկիտ տարեգրություն. «Բացվում է Թումանյանի կյանքի վերջին երկու տասնամյակի ամեն տարվա ոչ միայն ամեն ամիսը, այլեւ գրեթե յուրաքանչյուր օրը, իսկ բազմաթիվ դեպքերում` մեկ օրը ներկայացված է մի քանի փաստերով: Այս տարեգրությունը միայն բանաստեղծի կյանքի հայելին չէ: Սա աննախադեպ ձեռնարկ է նաեւ այն հանգամանքով, որ Թումանյանի գրական ժառանգությունը ներկայացվում եւ ստուգաբանվում է նրա ազգային-հասարակական գործունեության համապատկերում»,- նկատում է Դեւրիկյանը: Այժմ տպագրվում է եւ մարտին լույս կտեսնի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհաննես Թումանյանը  Առաջին աշխարհամարտի տարիներին» ռուսերեն ծավալուն մենագրությունը: Այստեղ հանգամանալից վերլուծությամբ, բազմաթիվ արխիվային վավերագրերի հրապարակմամբ ներկայացված է այդ տարիներին Թումանյանի կատարած անգնահատելի աշխատանքը Արեւմտյան Հայաստանում եւ Կովկասյան ռազմաճակատում: «Դուստրերի հետ նվիրյալ գործունեությունը Էջմիածնում: Որդու՝ Արտավազդի զոհվելու հանգամանքները եւ, վերջապես, Թիֆլիսում հայ–վրացական հարաբերությունների հետ կապված գործունեությունը` Ռուսական կայսրության փլուզման խառնակ շրջանում»,-մանրամասնեց Վ. Դեւրիկյանը:

Սուսաննա Հովհաննիսյանը բացի սա, ծավալուն հրատարակության է պատրաստել «Թումանյանը եւ դաշնակցության գործը» ուսումնասիրությունը: Թումանյանական հրատարակությունների մեջ ինստիտուտի տնօրենը առանցքային աշխատանք է համարում հատկապես բանաստեղծի Երկերի լիակատար ժողովածուի տասնհատորյակի վերախմբագրված եւ լրացված վերահրատարակությունը, որն իրականացվում է Թումանյանի թանգարանի հետ համատեղ:

Մանրամասները` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի վաղվա համարում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

             


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am