Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման վրա վճռական ազդեցություն չի ունեցել. Խոսրով Հարությունյան

Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը առաջին անհրաժեշտության 
ապրանքների թանկացման վրա վճռական ազդեցություն չի ունեցել. Խոսրով 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման վրա սեղմած գազի և բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը վճռական ազդեցություն չի ունեցել: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ելք» խմբակցության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: «Հիմնական զեկուցողը ներկայացրեց այնպես, որ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական և գլխավոր պատճառը սեղմած գազի և բենզինի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումն է, սակայն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների աճ արձանագրել ենք ոչ 2018 թ. հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը, այլ 2017 թ. երկրորդ կեսից: Հետևաբար, առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի վրա ակցիզային դրույքաչափերը արդյոք ունեցե՞լ են էական ազդեցություն, թե ոչ: Սա է հիմնական խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա մանրամասնեց, որ սեղմած գազով հիմնականում իրականացվում են ուղևորափոխադրումներ: «Ընդ որում՝ սեղմած գազի ակցիզային դրույքաչափի բարձրացման արդյունքում, այո, իրացվող գազի գները բարձրացել են, սակայն մատուցվող ծառայությունները չեն փոխվել և չեն էլ փոխվի: Հետևաբար, ենթադրել, որ սեղմած գազի դրույքաչափի բարձրացումը իր հետևից պետք է բերեր շղթայական թանկացումների, համաձայնեք՝ դժվար է: Այո, թանկացել է նաև բենզինը, սակայն բենզինով այսօր որևէ ծառայություն չի մատուցվում: Մեր քաղաքացիները բենզինն օգտագործում են իրենց մեքենաների լիցքավորման համար: Հետևաբար, ավելորդ է խոսել այն մասին, որ բենզինի թանկացումը կարող է հանգեցնել պարենային ապրանքների գների բարձրացման»,- ընդգծեց պատգամավորը:

Նա համաձայնեց, որ դիզվառելիքի պարագայում իսկապես խնդիր կա, քանի որ դիզվառելիքի թանկացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա: «Դրա համար էլ գյուղատնտեսության նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, և հիմա ես տեղյակ եմ, որ կառավարությունում քննարկում են գյուղացիական տնտեսությունների հնարավոր վնասը կոմպենսացնելու քայլերը»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն ակնհայտորեն չէր կարող բերել առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, մինչդեռ ակցիզային հարկի դրույքաչափերի իջեցումը, որն առաջարկում է «Ելք» խմբակցությունը, բյուջեում կառաջացնի 16.7 միլիարդ դրամի ճեղքվածք:

Պատգամավորի համար ընդունելի չէ նաև եկամտահարկի փոփոխությունները, որ առաջարկում են «Ելք» խմբակցության անդամները: Նրա խոսքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պարագայում առաջնահերթ պետք է լինի սոցիալապես անապահով, խոցելի խավերին աջակցելը, նրանց եկամուտներն ավելացնելը, որպեսզի կարողանան դիմակայել թանկացմանը: «Նախագծի հեղինակներն առաջարկում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը 23 տոկոսից իջեցնել 21 տոկոսի, 150 հազար դրամից մինչև 450 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 28 տոկոսից իջեցնել 26 տոկոսի: Ի դեպ՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները մեր վարձու աշխատողների 71 տոկոսն են՝ 425 հազար մարդ: Սա մեր վարձու աշխատողների ամենանվազ ֆինանսական կարողություն ունեցող հատվածն է: Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ ավելի շատ աջակցության կարիք ունի թանկացումներին դիմագրավելու համար՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացո՞ղը, թե՞ 450 հազար դրամ աշխատավարձ ստացողը: Անշուշտ, առաջին հատվածը: Իսկ ի՞նչ են առաջարկում այս նախագծով: Նրանք առաջարկում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամուտներն ավելացնել միջին հաշվով 2176 դրամով, փոխարենը 450 հազար դրամ աշխատավարձ ստացողի եկամուտներն ավելացնում եք 9 հազար դրամով: Այսինքն՝ այն քիչ աշխատավարձ ստացողը, ով ամենաշատն աջակցության կարիք ունի, նրան տալիս ենք 3 հազար դրամ, իսկ նա, ով բարձր աշխատավարձ է ստանում, նրա եկամուտը բարձրացնում ենք 9 հազար դրամով: Արդյոք, սա արդարացվա՞ծ է: Իհարկե, ոչ»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am