Արթուր Դավթյանը կարևորում է հանցագործությունների բացահայտումը նախապատրաստության փուլում
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանցավորության դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու և հակազդման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար ՀՀ դատախազությունը թիրախավորելու է հանցավոր խմբերի լիարժեք բացահայտումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փաստեց,որ ցանկացած հանցագործության դեպքում, եթե այն լիարժեք չի բացահայտվում, չբացահայտված հանցագործը կամ խմբի անդամը ունենում է հնարավորություն շարունակելու իրենց հանցավոր վարքագիծը:
«2017 թվականին բացահայտվել է մեծաքանակ հանցավոր խմբեր , որոնք հիմնականում զբաղվել են սահմանի ապօրինի հատումով, կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանք իրացնելով, ապօրինի միգրացիայով և բազմաթիվ այլ հանցագործություններով: Այս մասով կատարված աշխատանքները հնարավորություն են տալիս մեր ակնկալիքներն ավելի բարձր շեմի վրա պահել և թիրախավորված այս ուղղությամբ շարունակել»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Արթուր Դավթյանը կարևորեց հանցագործությունների նախապատրաստության փուլում բացահայտումները:
«Նախականխման աշխատանքները քրեական հետապնդման մարմինների համար առաջնահերթություն են: 2017 թվականի արդյունքներով` ԱԱԾ վարույթում ունենք բացահայտված 6 ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստության դեպքեր: Ակնհայտորեն կարող ենք խոսել այդ հանցագործությունների նախականխման մասին, որը դրական ցուցանիշ է»,- ասաց Դավթյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում