Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արծվանիստում խմելու ջրի արտաքին ցանցի կառուցումը կավարտվի ընթացիկ տարում

Արծվանիստում խմելու ջրի արտաքին ցանցի կառուցումը կավարտվի ընթացիկ տարում

ԳԱՎԱՌ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի սեպտեմբերին եւ կշարունակվեն ու ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում, որով եւ գյուղի համար լուծում կստանա կենսական նշանակության հիմնախնդիրներից մեկը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, խմելու ջրի 8 կիլոմետր երկարությամբ արտաքին եւ 2 կիլոմետր երկարությամբ ներքին ցանցերը կառուցվում են «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով եւ գյուղապետարանի համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 135 միլիոն դրամ է, որից 9 միլիոն 600 հազար դրամը կազմել է Արծվանիստի գյուղապետարանի համաֆինանսավորումը:
«Նախորդ տարում շինարարները հասցրել են կառուցել 3 կիլոմետր երկարությամբ ջրագծի արտաքին ցանց, այս տարի կկառուցեն եւս 5 կիլոմետր արտաքին ու 2 կիլոմետր ներքին ցանց երկու թաղամասում: Մնացած թաղամասերում ջրատար ներքին ցանցը տարբեր ծրագրերով ու միջոցներով կառուցվել է նախորդ տարիների ընթացքում: Այլ ծրագրերով նախորդ տարիներին հիմնովին կառուցվել է նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարը՝ 500 խորանարդ մետր տարողությամբ: Երեք աղբյուրից վերցված ջրի հզորությունը կազմում է 9-13 լիտր վայրկյան, ինչը միանգամայն բավարար է՝ գյուղում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար: Այժմ բնակիչներին ջուր մատակարարվում է օրական 5-6 ժամ տեւողությամբ, իսկ նոր արտաքին ցանցի շահագործման դեպքում, որը կլինի այս տարվա ամռան վերջին կամ աշնան սկզբին, գյուղը կունենա շուրջօրյա անխափան ու որակյալ ջրամատակարարում՝ մի բան, որին արծվանիստցիները տասնյակ տարիներով են սպասել»,-նշեց Սամվել Օհանյանը: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ հաջորդ օրախնդիր ու կենսական նշանակության հարցերը վերաբերում են համայնքային ճանապարհների եւ մանկապարտեզի շենքի հիմնանորոգմանը, որոնց լուծման համար տեղական միջոցները բավարար չեն: «Հույս ունենք, որ առաջիկայում այդ ուղղություններում եւս կկարողանանք ստանալ կառավարության կամ հիմնադրամների աջակցությունը»,-ամփոփեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am