Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը

Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը 
ներկայացնում է իրականությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը գաղտնազերծում է աշխարհահռչակ երկու արվեստագետների՝ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր Սալվադոր Դալիի հանդիպման մասին թանգարանային լեգենդը. նման հանդիպում իրականում չի կայացել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմինե Գրիգորյանը բացեց փակագծերը, ներկայացրեց պատմության ճշմարտացիությունը հերքող մի շարք փաստեր, այն հնարելու հավանական դրդապատճառները:  

«Մեծանուն մարդկանց կյանքի և գործունեության հետ սովորաբար կապված են լինում ինչ-ինչ հորինված պատմություններ: Դրանցից մեկն էլ կապված է մաեստրո Խաչատրյանի անվան հետ: Ռուս գրող, հրապարակախոս Միխայիլ Վելլերի հեղինակած Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպման պատմությունը տարիներ շարունակ շրջանառվում է: Սակայն փաստերն ապացուցում են, որ նման հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ շրջանառվող պատմության՝ Խաչատրյանն Իսպանիայում ցանկություն է հայտնում հանդիպելու Դալիի հետ: Նկարիչը սիրով ընդունում է այդ առաջարկը և կոմպոզիտորին հրավիրում իր տուն: Խաչատրյանը ստիպված է լինում նախասրահում մի քանի ժամ սպասել Դալիին: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը» և երկարակոթ խոզանակը հեծած բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, ներս է մտնում Դալին: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհետանում է այն դռների հետևում, որից մտել էր, իսկ սպասավորը Խաչատրյանին ասում է, որ ընդունելությունն ավարտված է: Նրան հանձնում են հոլանդական տպագրությամբ Դալիի շքեղ ալբոմը, որպես անմոռանալի հանդիպման նվեր, որից հետո կոմպոզիտորին նստեցնում են մեքենա և հասցնում հյուրանոց:

Հանդիպման առասպել լինելը թանգարանի տնօրենը հիմնավորում է մի շարք փաստարկներով: Այն բազմաթիվ երկրների ցանկում, որտեղ եղել է Խաչատրյանը, Իսպանիան բացակայում է: Այնինչ, ըստ այդ պատմության՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել հենց այդ երկրում: Տուն-թանգարանի տնօրենը հարցը քննարկել է նաև կոմպոզիտորի որդու հետ, ով ևս կտրականապես հերքել է պատմության ճշմարիտ լինելը: Բացի այդ նմանատիպ հանդիպումների մասին մշտապես տեղեկություններ են տրվում, սակայն այս հանդիպման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա ոչ մամուլում, ոչ էլ նրա անձնական նամակներում:

Մի քանի տարի առաջ պատմության ճշմարտացիությունը պարզելու համար տուն-թանգարանին դիմել են նաև Իսպանիայի Սալվադոր Դալիի թանգարանից: «Նույն հարցով իրենց ևս շատ են դիմել, և իրենք փորձեցին ճշտել՝ հանդիպումն արդյոք կայացել է: Պատմության հնարավոր հակափաստարկ է նաև այն, որ Դալիի թանգարանում ևս ոչ մի փաստարկ, տեղեկություն չկա այդ մասին:  Ինչպես նշված է պատմության վերջում՝ հանդիպումից հետո այդ լուրը տարածվել է ողջ մամուլում: Սակայն եթե այդպիսի տեղեկություններ լինեին, Դալիի թանգարանը կտեղեկանար իսպանական մամուլի արխիվից»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ նկարչի թանգարանի հետ նաև պայմանավորվածություն են ձեռք բերել՝ պատմության վերաբերյալ ցանկացած փաստի ի հայտ գալու դեպքում փոխանակվել դրանով: Սակայն այս տարիների ընթացքում ոչ մի տեղեկություն չեն ստացել:

Եվ պատմության առասպել լինելու ամենաարժանահավատ փաստն այն է, պատմության հեղինակը՝ Միխայիլ Վելլերը ևս անձամբ հերքել է այն՝ ասելով, որ հենց ինքն է հորինել: Գրիգորյանի կարծիքով՝ նման պատմություն հնարելու դրդապատճառ կարող են լինել Խաչատրյանի հետ ոչ այնքան հարթ հարաբերությունները կամ կոպմոզիտորի հետ հնարավոր հարցազրույցի խափանումը: «Միգուցե Վելլերն ուզել է հարցազրույց անցկացնել Խաչատրյանի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի կայացել, ինքն էլ որոշել է նման պատմություն հորինել: Վելլերը պարզապես վառ երևակայություն է ունեցել, և կարծում եմ՝ ցանկացել է իր անձի վրա ուշադրություն հրավիրել»,-ասաց Գրիգորյանը:

Այս թեմայով և լրագրողները, և թանգարանի այցելուները, և նույնիսկ պատահական մարդիկ շատ են հետաքրքրվում: Թանգարանն ունի ճանաչված  մարդկանց հետ Խաչատրյանի հանդիպումներին նվիրված սրահ, որտեղ այցելուների ամենահաճախ տրվող հարցերը վերաբերվում են հենց այս պատմությանը: Թանգարանը հերքում է երկու արվեստագետների հանդիպման մասին այդ զավեշտալի պատմության ճշմարտացիությունը: «Խաչատրյանի կյանքին առնչվող պատմությունները բավականին շատ են՝ հորինված պատմություններին տեղ տալու համար»,-եզրափակեց տուն-թանգարանի տնօրենը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]