Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը

ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայում ՀՀ դեսպանությունում հունվարի 17-ին դամասկաոսահայ համայնքապետերի, ազգային կառույցների ղեկավարների և անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Ամանորյա ավանդական ընդունելություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ով ներկաներին շնորհավորելով անցած տոների կապակցությամբ, հանգամանորեն անցրադարձ կատարեց նախորդ տարվա ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը՝ խիստ կարևորելով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Դեսպան Փոլադյանը նշեց, որ պայմանգիրը կուռ իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական և ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների հնարավորությունների համար: Դեսպանը նաև հավելեց, որ Հայաստանի և ԵՄ միջև համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումների համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ պայմանգիրը վերահաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին և մոտեցումներին:

Իր ելույթում դեսպանն անդրադարձավ նաև սիրիական ճգնաժամի ռազմաքաղաքական զարգացումներին` կարևորելով խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված տարբեր ձևաչափերով միջազգային ջանքերը:

Այլևայլ հարցերի թվում՝ դեսպան Փոլադյանը հակիրճ անդրադարձ կատարեց նաև հայ-սիրիական հարաբերություններին` հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը նոր խթան կդառնա երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը:

Ընդունելության ընթացքում դեսպան Փոլադյանը Դամասկոսի ազգային վարժարանների տնօրեններին և հոգաբարձության խորհրդի ղեկավարներին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները՝ Ամանորի և Ծննդյան տոնի կապակցությամբ, ինչպես նաև Նախագահի շնորհակալագիրը՝ Սիրիայի Օգնության Խաչ ՍՕԽ միության անդամներին:

Դեսպան Փոլադյանը նաև համայնքի ղեկավարներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարության 2018թ. միջոցառումների ծրագիրը` ակնկալելով համայնքի ակտիվ մասնակցությունն այդ միջոցառումներին:

Ընդունելության ավարտին դամասկոսահայ համայնքի ներկայացուցիչները երախտագիտություն հայտնեցին ՀՀ Նախագահին, կառավարությանն ու ժողովուրդին՝ սիրիական հակամարտության երկարուձիգ տարիների ընթացքում ցուցաբերած բարոյական, նյութական և մարդասիրական օգնության համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ