Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձնարանի պահուստներն օտարվում են արդյունավետ կառավարման համար

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձնարանի պահուստներն 
օտարվում են արդյունավետ կառավարման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձնարան»-ի պահուստների օտարումն իրականացնում է դրանք արդյունավետ կառավարելու և իրենց առավելագույն արժեքով վաճառելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշեց, որ 1.5 միլիարդ դրամ գնահատված թանկարժեք քարերն ու մետաղները վաճառքի են հանվում ժամանակի ընթացքում դրանց՝  նվազ իրացվելիությունից խուսափելու համար: «Ինչպես գիտեք գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ: Առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում և ցուցադրվում են միայն թանգարաններում: Երկրորդ խումբ ապրանքներն ունեն արժեք ու կարող են հանվել վաճառքի: Դրանց ընդհանուր արժեքը 1.9 միլիարդ դրամ է, որից 400 միլիոն դրամը բանկային ձուլակտորներն են, որոնցով հնարավոր է ֆինանսական գործարքներ կատարել: Մյուս մասը, որ 1.5 միլիարդ դրամ է գնահատվում, թանկարժեք իրեր են՝ ոսկյա զարդեր, շղթաներ, նռաքարեր, փիրուզներ, մարգարիտներ, և այլն, որոնք և հանվում են վաճառքի »,-ասաց Արմեն Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ գանձարանի գլխավոր նպատակն արտակարգ իրավիճակներում, երբ վճարամիջոցի պակաս լինի, այդ մետաղներով գործարքներ իրականացնելն ու հնարավորինս թանկ գնով դրանք վաճառելն է: Նախորդ տարի ևս փորձել են գանձարանում եղած մարգարիտը վաճառել, բայց գնորդ չի հայտնվել, ինչն էլ խթան է հանդիսացել այս գործընթացը սկսելու, որպեսզի ժամանակի ընթացքում այս ապրանքներն էլ չկորցնեն իրենց շուկայական արժեքը: «Այս իրերի իրացման համար մենք ժամկետ ենք դրել՝ չորս տարի: Էությունը նրանում է, որ զարդը զարդի գնով իրացնենք, մարգարիտը՝ մարգարտի գնով ու հնարավորինս մեծ արդյունք բերենք գանձարանի համալրման համար: Ունենք նաև ներքևի սահման, որից ցածր չի իրացվելու: Իրացնելիս պետք է գնահատենք արժեքները, բաց հրապարակային աճուրդների միջոցով վաճառենք մաքսիմալ գնով»,-հավելեց փոխնախարարը:

Ստացված միջոցներն էլ ուղղելու են գանձարանի համալրմանն առավել լիկվիդային իրերով: Փոխնախարարի խոսքով՝ 1.5 միլիարդ դրամը ցանկալի արժեքն է, որը կարող է ստացվել այս իրերի վաճառքից, ինչը, սակայն, քիչ հնարավոր է:

Ինչ վերաբերում է աճուրդի ժամկետներին, ապա Արմեն Հայրապետյանը նշեց, որ առաջիկայում որոշման ընդունվելուց հետո Ֆինանսների նախարարությունը աճուրդը կազմակերպելու մրցույթ կհայտարարի, առավել մրցունակ առաջարկ ներկայացնողն էլ կհանդիսանա աճուրդի կազմակերպիչ:

Արմեն Հայրապետյանը վստահեցրեց, որ թանկարժեք քարերն ու մետաղներն օտարելու որոշումը հապճեպ չի կատարվել, խնդրով սկսել են զբաղվել 2016 թվականի կեսերից: Հարցին ի պատասխան, թե քանի անգամ է կատարվել օտարում և երբ է վերջին անգամ համալրվել գանձարանը նոր իրերով, փոխնախարարն ասաց. «Գանձարանը պարբերաբար համալրվում է դատարանի որոշմամբ հօգուտ պետությանը բռնագանձնված իրերով, մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնված ապրանքներով: Իսկ օտարում 1996 թվականից մինչ օրս չի կատարվել»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am