Մեկ անգամ Հայաստանում

Շուշանիկ Աբրահամյան. Ապտակից  ցավոտ  մի խոսք

5 րոպեի ընթերցում

Շուշանիկ Աբրահամյան. Ապտակից  ցավոտ  մի խոսք

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 90-ականների կեսերին զբոսաշրջությունը դեռ պետական մակարդակով չէր կազմավորվել: Բայց կային մարդիկ, ովքեր արդեն մասնավոր գրասենյակներ էին բացել և աշխատում էին:

Սփյուռքը գալիս էր անկախ Հայրենիքն իր աչքով տեսնելու, բայց պայմանով, որ ծրագրում լիներ «ուղևորություն Արցախ»: Ծանոթ ընկերներ ունեի, որ Երևանում «տուրիստիկ-օֆիս»-ներ էին բացել: Շատերն ինձ, որպես վստահելի ու «արցախագիտակ» մարդու, առաջարկում էին խմբեր ուղեկցել Արցախ: Դրա համար առանձին եռօրյա և հնգօրյա ծրագրեր էի կազմել: Սկսնակ ուսուցչուհու նման ամեն գիշեր ուղևորության «պլան - կոնսպեկտ» էի կազմում: Հանկարծ բացթողում չանեմ կամ չհեռանամ պատմությունից, թվերը սխալ չներկայացնեմ: Ի դեպ, ծրագրում ներառում էի նաև հայաստանյան մասը՝ Խոր վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Գնդեվանք, Զորաց քարեր…. Մտածում էի, որ երկար ու քարքարոտ ճանապարհ է, մարդիկ նորից չկտրեն անցնեն տեսնելու համար:

Ուխտավորներ էի տանում Արցախ, իսկ ուխտի միայն Սրբատեղի են գնում: Ասեմ, որ Արցախում նրանք մոռանում էին իրենց ապրելն ու վայելքները: Մենք այսօրվա նման հյուրանոցներ ու հյուրատներ չունեինք: Ստեփանակերտում երկու, այսպես ասած, հյուրանոցներ կային՝ Կառավարականը և «Լեսխոզի»-ն, որոնք քիչ սենյակներ ունեին: Գիշերակացը մասնավոր տներում էր: Չէին տրտնջում պայմաններից, իրենց համար կարևորը՝ Արցախում էին: Սա իրենց՝ տեղահանվածների ժառանգների համար, վրեժի հատուցում էր: Այդ օրերին ուրիշ էին և՛ Արցախ այցելողները, և՛ Արցախն ու Ստեփանակերտը: Օդում կախված վառոդի հոտը ֆրանսիական օծանելիքից էլ բուրավետ էր:

Բա ճանապարհնե՜րը…. Այստեղ կասեի՝ առանց մեկնաբանության: Հիմա ճանապարհները Կենտրոնական Եվրոպայի նման են:

Հազար ու մի «մի անգամներ» եղան: Նախ, Նորավանքում խմբերն անվանակոչում էի: Տարիներ հետո, եթե հանդիպեն, իրար հիշեցնեին, որ Արցախ գնալիս այսինչ խմբում էինք: Այդպես կնքվեցին «Անդրե գրուպ»-ը՝ Լոնդոնից , «Աղավնի գրուպ»-ը՝ Ամերիկայից, «Ալիս գրուպ»-ը՝ Կանադայից, «Հայրենիք գրուպ»-ը՝ Լիբանանից և շատ ու շատերը:

Շատ ու շատ սրտմաշուկ բաներ տեսա ու լսեցի: Բայց, այ մի դեպք, ամեն օր ինձ հետ է, ուսերիս նստած ապրում է ինձ հետ: Չեմ հիշում, թե որ ընկերությունը հրավիրեց նրանց Արցախ տանելու: Մի խնդրանք արեց, թե մեր հայրենակիցները ուզում են Արաքսում լվացվել, մկրտվել: Տարակուսանքս հայտնեցի, որ հնարավոր չէ, նախ որ Հադրութը պատերազմական գոտի է, և որ ամենուր ականապտված է, վտանգավոր է: «Օֆիսի» տիրուհին ինչ-որ մեկին զանգեց, ճշտեց, որ կարելի է, քանի որ Հադրութից մինչև Կապան այլևս ազատագրված է: Մերն էր, մերն է դարձել: Ընտանիք էր: Տիկինը գերծանր, ամուսինը՝ մինչև ուղն ու ծուծը հայրենասեր մի հայ: Ինքը ծնունդով Լիբանանից էր, կինը՝ Եգիպտոսից: Հայի խաչված ճակատագրով հանդիպել էին Ավստրալիայում:

Գնացինք: Իհարկե, Հադրութում մտա գնդի հրամանատարից էլ թույլտվություն վերցրի (հիմա նա արժանիորեն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում): Վերջինս ապահովության համար մի կապիտանի դրեց մեզ հետ, ով տեղանքը լավ գիտեր: Նստեցինք Արաքսի ափին, բոբիկ ոտքերս՝ ջրի մեջ, չէիք խոսում, բոլորս մտքերով էինք տարված: Գերծանր հայրենակցուհիս բարձրացավ ափամերձ բլուրը՝ այնտեղից հեռուն նայելու: Ու…. մի չըլմփոց լսվեց, կարծես մի ժայռ ընկավ ջուրը, և «Արազը ափին տվեց»: Կապիտանը նրա հետևից թռավ գետը: Արաքսը սև հեղեղի նման թափվեց վրաս: Ոչինչ չեմ հիշում: Սթափվեցի ցավից, ասես բեկորներ էին մտնում մարմնիս մեջ, Արաքսն ընկած հյուրս ապտակում էր երեսիս:

-Տիկին, ինչո՞ւ վախցար:

Բացատրեցի, որ եթե Արաքսը իրեն տաներ, ի՞նչ էինք անելու, թե այդ հետևանքը որքան դաժան ու ցավոտ էր լինելու:

- Տիկին, ես Նեղոսի ափին եմ մեծացել, Արաքսը Նեղոսի մոտ գետակ է:

Նրա համեմատությունը այտերիս հասցրած ապտակից ավելի ցավոտ հնչեց:

…. Այլևս Արաքսին Հադրութից մոտ չգնացինք….

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում