Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շարմազանովը չի ցանկանում համեմատական անցկացնել ներկա և նախորդ գումարման խորհրդարանների ընդդիմության միջև

Շարմազանովը չի ցանկանում համեմատական անցկացնել ներկա և նախորդ գումարման 
խորհրդարանների ընդդիմության միջև

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում համեմատականներ անցնել նախորդ գումարման և նորընտիր խորհրդարանի ընդդիմությունների միջև  և գնահատականներ տալ նրանց աշխատանքին: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ նորընտիր խորհրդարանի ընդդիմադիր ուժերն ավելի պասիվ են, քան նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, Շարմազանովն ընդգծեց, որ չի ցանկանում համեմատականներ անցկացնել ընդդիմության միջև, սակայն շեշտեց, որ «նախկինում էլ ենք ունեցել հայրենասեր, կառուցողական աշխատող ընդդիմադիր խմբակցություններ,  այսօր էլ ունենք»: «Ես խորը հարգանք ունեմ իմ բոլոր նախկին և ներկա ընդդիմադիր գործընկերների նկատմամբ:  Իհարկե,  միշտ չէ, որ նրանց գործունեությունը կարող է իշխանությանը և անձամբ ինձ` որպես նիստ վարող,  հրաշալի և հաճելի թվալ, սակայն նրանք այնտեղ չեն, որ Էդուարդ Շարմազանովի կամ Արա Բաբլոյանի ցանկությունները իրականացնեն: Յուրաքանչյուրն ունի իր քաղաքական օրակարգը: Միգուցե, նիստի ժամանակ մենք բախվում ենք մտքերով, սակայն դա նորմալ է: Աննորմալ կլիներ, եթե  հակառակը լիներ` իշխանությունը միշտ ծափահարեր ընդդիմությանը, ընդդիմությունն էլ` իշխանությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Այս իմաստով ՀՀ ԱԺ փոխնախագահը նորմալ է գնահատում գաղափարական այն բախումները, որոնք կան խորհրդարանում: «Այնպես չէ, որ մենք իդեալական ենք, որ մի հատ էլ ես ընդդիմությանը գնահատական տամ: Քանի որ ես միշտ բոլորին խորհուրդ եմ տալիս առաջինը սեփական աչքի գերանը տեսնել, նոր միայն ուրիշի աչքի փուշը, դրա համար ես առաջինը պետք է տեսնեմ իմ աչքի գերանը, նոր ընդդիմության աչքի փուշը»,- ընդգծեց Շարմազանովը:

Միևնույն ժամանակ, ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ այն կարծիքին չէ, թե միայն իշխանությունն է պետականամետ, իսկ ընդդիմությունը պետականաքանդ է: Նրա խոսքով` կարող է լինել մոտեցումների տարբերություն, սակայն, ընդհանուր առմամբ, միջազգային գործողումների ընթացքում ընդդիմությունը իշխանությունից ոչ պակաս պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահը:

Ընտրությունների արդյունքներով Հայաստանի նորընտիր խորհրդարան է անցել 4 քաղաքական ուժ` ՀՀԿ-ն ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը, որոնցից վերջին երկուսն ընդդիմադիր խմբակցություններ են: Նախորդ գումարման խորհրդարանում ներկայացված էին 6 քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և «Հայկական վերածնունդ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am