Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լապշինը 2018 թվականը հայտարարում է Ադրբեջանին պատժելու տարի

Լապշինը 2018 թվականը հայտարարում է Ադրբեջանին պատժելու տարի

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը գալիք 2018 թվականը հայտարարել է Ադրբեջանին պատժելու տարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ակնարկելով նաև, որ Ադրբեջանի կողմից իր դեմ անարդար կերպով դատական գործ հարուցելու ու դատապարտելու գործով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Հայ ընկերներս հրեական անեկդոտը ժամանակակից տեսքի են բերել. «Լապշինը սիրում էր Ադրբեջանը և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը գյուղատնտեսության հարցում էր: Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը պառկի իրենց հողում, իսկ Լապշինը ցանկանում էր, որ հենց նրանք այդտեղ պառկեն»: Սակայն ես իմ հայ ընկերներին ուղղեցի՝ ասելով, որ ինձ համար բավական կլինի Ստրասբուրգի դատարանի միջոցով գումար ստանալ Ադրբեջանից, իսկ հողը նրանք իրենք իրենց արդեն դրել են:

2018 թվականը հռչակում եմ Ադրբեջանին պատժելու տարի»,- նշել է Լապշինը:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am