Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանկատան սանից մինչև մեծ բանաստեղծ. «Արմենպրես»-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ Հովհաննես Շիրազի կյանքից

Մանկատան սանից մինչև մեծ բանաստեղծ. «Արմենպրես»-ը ներկայացնում է 
հետաքրքիր դրվագներ Հովհաննես Շիրազի կյանքից

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շարունակելով «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավը, այս անգամ շրջայց ենք կատարում Գյումրու Վարպետաց փողոցի մեկ այլ վարպետի թանգարանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս «կանգառը» նվիրված է նշանավոր բանաստեղծ Հովհաննես Շիրազին (Օնիկ Կարապետյան)։

Շիրազի մայրը՝ Աստղիկը, կարսեցի է եղել, հայրը՝ Թադևոսը՝ գյումրեցի: 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին՝ սովից փրկելու համար, ստիպված որբանոց է տարել: Այդ ժամանակ Գյումրիում 40.000 որբ երեխա է եղել։ 5-7 տարեկանը Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։ Մանկության օրերը հիշելիս, ասել է. «Մորս տունն օր սոված կքնեինք, կթվար, թե էս աշխարհը դժոխք է։ Մերս օր տարավ ամերիկացու լոբին կերանք՝ կթվար, թե աշխարհը դրախտ է, կուշտ քնելն էլ է լավ բան։ Բայց օր ճաղերից կնայեինք մարդկանց տարած մրգերի գույնին, կմտածեինք մրգի գույնը համ ունի՞»։

«Մրգի գույնի համը» զգալու համար Շիրազը որբանոցից փախել ու գնացել է շուկա։ Քանի որ շատ տաղանդավոր է եղել ու կարողացել է լավ քանդակել՝ մանկատան մյուս տղաները հացի չոր մասը կերել են, խմորը տվել Շիրազին, ով դրանից փոքրիկ արձանիկներ է սարքել, տվել դռնապանին, ինչով էլ համոզել է նրան ու դուրս եկել մանկատնից։

«Ամեն անգամ որբանոց վերադառնալուց հետո, շատ խիստ պատժել են: 7 տարեկանում նմանատիպ մի փախուստից հետո ամբողջ գիշեր ծեծել են ու ստիպել սուր քարերի վրա չորեքթաթ ման գալ: Այդպես արյունոտված քնել է, առավոտյան արթնացել ու լսել, որ երեխաներին ընտրում են Ամերիկա տանելու համար: Որոշել ու փախել է որբանոցից՝ այլևս ետ չվերադառնալով այնտեղ: Որբանոցում մորը չեն ասել, որ փախել է, ասել են՝ պատժված է և 6 ամիս չի կարող տեսնել որդուն»,- լրագրողների հետ շրջայցի ժամանակ պատմում էր թանգարանի էքսկուրսավար, Հովհաննես Շիրազի մեծ քրոջ՝ Գոհարի թոռնուհի Նարինե Խաչատրյանը։

Հովհաննեսը սկսել է փողոցում ապրել՝ քնել եկեղեցու պատի, բարդու ծառի տակ, շան բնում։ Հենց այդ ժամանակ գողությամբ է զբաղվել, որպեսզի գոյատևի։ Հերթական գողության ժամանակ պատահաբար գտել է մորը, ում առաջին պահին չի ճանաչել։  

Գողության թիրախն այդ պահին հենց մայրն է եղել, սակայն այդ օրվանից հետո մայր ու որդի այլևս չեն բաժանվել:

Գյումրեցի տղան նաև ջուր ծախելով է գումար աշխատել: Մի օր էլ մի կարճահասակ չաղլիկ մարդ ջուրը խմել, փողը չի տվել: Փոքրիկ Օնիկը, սոված, ջղայնացած ու լացակումած, հեռվից վազելով եկել է, թռել այդ մարդու մեջքին, կուժով խփել գլխին: Ոստիկանությունում, երբ թուղթ ու գրիչ են տվել՝ բացատրագրում գրել է. «Երբ չբավեց ձեռքիս ուժը, գլխին տվի կավե կուժը»:

Դպրոցում սովորելու ժամանակ չարաճճի աշակերտի համար 45 րոպե տեղում նստած մնալն իսկական փորձություն էր: Գրեթե ամեն օր ծնող էին կանչում:

«Իր հետ դասարան շուն ու կատու է տարել:  Մի օր էլ դասատուի՝ դասը պատմելու ընթացքում, շանը կսմթել է: Վերջինս սկսել է հաչել: Ուսուցչուհին դասարանից հանել է, թե՝ ծնող կբերես:  Բայց մինչ այդ այնքան շատ էին ծնող կանչել, որ ամաչել է մորն ասել։ Սեփական ծակ կոշիկները 5 կոպեկով վաճառել է, այդ գումարը տվել մի կնոջ ու խնդրել՝ որպես ծնող ներկայանալ: Ուսուցչուհին սկսել է բողոքել, այս կինն էլ շրջվել է դեպի Շիրազը, թե՝ գետինը մտնիս շան լակոտ, հորդ ես քաշել: Հոր անունը լսելուց վիրավորվել ու լացակումած ասել է՝ այ կնիկ, 5 կոպեկը տվեցի, որ գլխո՞ւս զարկեիր… Սուտը բռնվել է, և նորից դասից դուրս են արել: Ամեն անգամ դպրոցից հեռացնելիս՝ պատմության դասատուն, իմանալով նրա ունակությունների մասին, խնդրել է տնօրենին ետ ընդունել», - Շիրազի կյանքը ողջ համ ու հոտով  ներկայացնում էր էքսկուրսավարը:

Հովհաննես Կարապետյանն իր Շիրազ գրական անունը ստացել է «Տժվժիկի» հեղինակ Ատրպետի կողմից, ով կարդալով նրա բանաստեղծություններն, ասել է. «Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

Նրա թանգարանի շենքը կառուցվել է 1868 թվականին, սակայն տունը սկզբում պատկանել է Վանից գաղթած մեծահարուստ գյումրեցի առևտրականների՝ Քեշիշյանների ընտանիքին։ 1983 թվականին շինությունը նվիրվել է նրան, սակայն Շիրազն այստեղ չի ապրել՝ մեկ տարի անց մահացել է։

Այդ տունը նրան նվիրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանի կառավարման օրոք, իսկ նախկին քարտուղարը մերժել էր բանաստեղծին։

«70-ական թվականների սկզբին Շիրազը ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Մուրադ Մուրադյանին նամակ է գրել՝ խնդրելով, որ իրեն բնակարան տան, որպեսզի երեխաների հետ տեղափոխվի ծննդավայր, քրոջ ընտանիքին չանհանգստացնի: Մուրադ Մուրադյանը չի պատասխանել, տարին ավարտվել է, և Շիրազը վիրավորված, որ արհամարհված է՝ ոչ այո են ասել, ոչ՝ ոչ, նամակ է գրել ղեկավարին. «…Ես՝ մնացական, դու՝ գնացական: Տունը տայիր՝ հետս կմնայիր…»,- պատմում էր Նարինե Խաչատրյանը:

Տան բակում մի ցայտաղբյուր կա, որտեղից այդ տարիներին ջուր են տարել, և բնակիչները բակն անվանել են «ջրի հայաթ»։ Այնտեղ շատ են հավաքվել ոչ միայն ջուր վերցնելու, այլև բամբասելու և տարբեր թեմաներից խոսելու համար։

Շիրազի քրոջ թոռնուհին ասում էր, թե 1941-1945 թվականի պատերազմն սկսվելուց օրեր առաջ այդ ցայտաղբյուրի մոտ մի կին լսել է ուրիշների խոսակցությունը, որ շուտով կռիվ է լինելու։ Լուրն իմանալուն պես այդ կինը պատմել է իր ամուսնուն, ամուսինն էլ, թե «կնիկմարդ եք, նստեք ձեր գործին, բան ու գործ, տան գործ չունի՞ք, կռիվը ձեր խելքի բա՞նն է, օր կխոսիք…»: Իսկ 10 օր հետո հայրենական պատերազմն  իսկապես սկսվել է։ Ամուսինը ջղայնացած գնացել է տուն ու կնոջն ասել. «Հլը մի գնա աղբրի գլուխ, տես ի՞նչ կըսեն, ե՞րբ պիտի վերջանա»։

Թանգարանում պահպանվում են Շիրազի ձեռագրերը, տպագիր գործերն ու անձնական իրերը՝ սեղանը, պահարանը, անկողինը: Մեծ բանաստեղծի գործերը թարգմանվել են 58 լեզվով:

Շատ համեստ ապրող մարդ է եղել, ոչ մի թանկարժեք իր չի ունեցել: Պաշտել է Նարեկացուն, Նարեկը միշտ իր սեղանին դրված է եղել: Հիվանդ ժամանակ մայրը բարձի տակ Նարեկ է դրել, ինքն էլ գրքի էջերում պահել է զավակների նկարները: Իր խոսքերն են՝ հայ ժողովուրդը Աստծուն ու Նարեկին պաշտում է հավասար: Այն տարբերությամբ, որ Աստծուն պահում է գլխից վեր, իսկ Նարեկը՝ բարձի տակ…

Հովհաննես Շիրազը շատ տաղանդավոր լինելուց բացի շատ սրամիտ է եղել, և նրա սրամտությանը վերաբերող պատմությունները բազմաթիվ են։ 

 Ամեն անգամ ճիշտ ժամանակին գտել է ճիշտ պատասխանը. փողկապ չի սիրել, գրողների միության ժողովին գնալուց մայրը ստիպել է կապել, բարկացած, փոխկապը քաշքշելով, գնացել է: Ուշացած է հասել, դուռն անընդհատ բացել ու փակել է, ու երբ վերջապես ներս է մտել, գրողներից մեկն ասել է. «Իյա՜, էտ դո՞ւ ես լենինականցի Օնիկը: Էտ խոտն օր դոշիդ ես կապել, չես վախենա՞ էշերն ուտեն»: Պատասխանել է. «Ըշտը էդոր համար էլ ետ ու առաջ կենեի՝ վախվորած ներս կուգայի»:

Չի սիրել, երբ ռուսերեն են խոսել: «Զոնտիկիս ռուչկեն սլանովի կոստից է». ահա այսպես էր Շիրազը ներկայացնում կիսատ-պռատ հայերեն-ռուսերեն խոսողներին: Կարող էր հայհոյել հայերենի փոխարեն ռուսերեն խոսողներին, բայց բոլորովին դեմ չէր լեզուներ իմանալուն, ինքն էլ հրաշալի տիրապետել է ռուսերենին: Ասել է՝ 10-ը, 20 լեզու գիդեցի, բայց քո մայրենի լեզուն մի՛ փոխիր օտար լեզվի հետ: Իր մահից հետո երեխաները բնագրեր են գտել տանը. պարզվել է՝ պարսկերեն, գերմաներեն բնագրերից թարգմանություններ է կատարել:

«Ռուսերենի հետ կապված մի պատմություն կա։ Մի անգամ Շիրազը կառավարության շենք է մտնում, մի կին հետևից վազում, ասում է. «Վխոդը էստեղից է»: Շիրազն էլ շրջվել է դեպի այդ կինն ու ասել. «Խոտը դու ես, ընձի մուտքը ցույց տուր»:

Շիրազն առաջին բանաստեղծներից էր, որ իր անդրանիկ գիրքը ձոնեց մորը՝ «Հուշարձան մայրիկիս»: Ինչպես ինքն է ասել, երբ մայրը կա, էլ ի՞նչ Աստված: Այս գրքի հրատարակումից հետո մի ծեր կին եկեղեցում մոտեցել է նրան, համբուրել ձեռքերն ու ասել՝ շնորհակալ եմ, տղաս ինձ ծերանոց էր տարել, քո գիրքը կարդալուց հետո վերադարձրեց տուն… Այս խոստովանությունն այնպես է ազդել մեծ գրողի վրա, որ ժամերով փակվել է սենյակում ու ծխել:

Շիրազի առաջին կինը Սիլվա Կապուտիկյանն է եղել, ումից բանաստեղծը մեկ որդի ունի՝ քանդակագործ Արա Շիրազը: Երկրորդ կնոջից՝ Շուշանից, 7 երեխա ունի: Բոլոր երեխաներին զուտ հայկական անուններ է տվել. Մասիս, Սիփան, Աստղիկ,Անի, Արաքս, Հայկ-Թադևոս, Վանանդ:

Նրա սիրտը մարմնի հետ չի թաղվել, այլ գտնվում էր Արա Շիրազի մոտ: 2006 թվականին, երբ մի խումբ հայ տղաներ բարձրացել են Արարատի գագաթը, հենց այնտեղ էլ թաղել են հայ բանաստեղծի սիրտը:

Շիրազի ցանկությունն է եղել վրան տապանաքար չունենալ։ Որդու հետ զրուցելիս կատակով ասել է. «Գիդես չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի»։

Նյութը պատրաստվել է «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am