Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը. Կորյուն Նահապետյան


ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը կարևոր է խորհրդարանի, գործադիրի և ողջ հասարակության համար:

Ազգային ժողովում «Զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Խորհրդարանական վերահսկողության սահմանադրաիրավական ամրագրումը և անցումը կառավարման խորհրդարանական համակարգին դրական ազդեցություն են ունենալու ոչ միայն պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետության, այլ նաև ամբողջ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: Արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը, և բարեվարքության ամրապնդմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նահապետյանը:

Պատգամավորը շեշտեց, որ անհրաժեշտ է տարանջատել զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը քաղաքացիական վերահսկողությունից: Նրա խոսքով՝ մեր իրականության մեջ երբեմն այս երկու հասկացությունները ներկայացվում են նույն լույսի ներքո: «Ճիշտ է՝ դրանք ունեն ընդհանուր եզրեր, սակայն բովանդակությունները տարբեր են: Քաղաքացիական վերահսկողությունը ենթադրում է, որ պաշտպանության ոլորտի կառավարումը և զինված ուժերի ղեկավարումը իրականացվում է քաղաքացիական իշխանության կողմից: Քաղաքացիական վերահսկողության նպատակն է ապահովել զինված ուժերի քաղաքական չեզոքությունը և ենթակայությունը քաղաքացիական իշխանությանը: Ինչ վերաբերում է ժողովրդավարական վերահսկողությանը, այն ավելի լայն է և ենթադրում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված պետական իշխանության կողմից զինված ուժերի նկատմամբ իրականացվող վերահսկողություն: Ժողովրդավարական վերահսկողության ձևերից են խորհրդարանի, դատական իշխանության, մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների կողմից իրականացվող վերահսկողությունը: Պետք է փաստել, որ Հայաստանում առկա են անհրաժեշտ իրավական հիմքեր թե՛ քաղաքացիական, թե՛ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելու համար»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը:

Նա նշեց, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Սահմանադրությամբ նաև հստակ ամրագրված է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ: «Վերջերս ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքով սահմանված է, որ Ազգային ժողովը իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն պաշտպանության ոլորտի, հետևաբար նաև զինված ուժերի նկատմամբ»,- նշեց պատգամավորը:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ