Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Լիդիան Արմենիա»-ն 100 հազար դոլար է ներդրել Վայքի հիվանդանոցի վերանորոգման և տեխնիկական վերազինման համար

«Լիդիան Արմենիա»-ն 100 հազար դոլար է ներդրել Վայքի հիվանդանոցի վերանորոգման 
և տեխնիկական վերազինման համար

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայքի բուժհաստատությունում  դեկտեմբերի 13-ին բացվել է «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ  վերանորոգված և տեխնիկայով վերազինված նոր վիրահատարանը, ինչպես նաև հիվանդանոցային պահանջներին հարմարեցված վերելակը: Ընկերությունը Վայքի բժշկական կենտրոնի վերանորոգման և տեխնիկական վերազինման համար 100 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերությունից, միջոցառմանը ներկա են գտնվել «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, Վայքի բուժհաստատության անձնակազմը, գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը:

Բացի բժշկական տեխնիկայի, սարքավորումների ու անհրաժեշտ հիվանդանոցային պայմանների ապահովումից, Վայքի հիվանդանոցի բուժանձնակազմը, «Լիդիան»-ի ֆինանսավորմամբ, պարբերաբար կանցնի վերապատրաստման դասընթացներ։ Առաջիկայում Երևանում մասնագիտական վերապատրաստում են անցնելու հիվանդանոցի 4 մասնագետներ՝ նյարդաբան, վիրաբույժ-օրթոպեդ, բժիշկ-լաբորանտ, լապարոսկոպիկ վիրաբույժ, 2,5-7 ամիս ժամկետով՝ մասնագիտական հմտությունների կատարելագործման և նոր  կարողությունների ձեռքբերման նպատակով։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ծանոթանալով հիվանդանոցի նոր պայմաններին, ընդգծել է նման ներդրումների կարևորությունը: ««Լիդիան»-ի  համար հատուկ կարևորություն ունեն այն ներդրումները, որոնք միաժամանակ ծառայելու են թե՛ Ամուլսարի հանքավայրի կարիքներին, թե՛ նաև նպաստելու են շրջակա համայնքների կենսապայմանների բարելավմանը: Լիդիանը ակնկալում է Վայքի հիվանդանոցի հետ ունենալ շարունակական համագործակցություն: Այս վերազինված բուժհաստատությունից օգտվելու են ոչ միայն Ամուլսարի աշխատակիցները, այլև տարածաշրջանի բնակիչները»,- ասել է Հայկ Ալոյանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության բուժծառայության ղեկավար Վիգեն Տատինցյանը   նշել է, որ  «Լիդիան»-ում առողջության և անվտանգության պահանջները շատ խիստ են: «Ընկերության նպատակն է հնարավորինս նվազեցնել պատահարների և աշխատանքային վնասվածքների ռիսկը: Ամուլսարում շինարարության սկզբից ի վեր ծանր վնասվածքներ չեն արձանագրվել, այդուհանդերձ պատասխանատու ընկերությունը միշտ պետք է պատրաստ լինի տարբեր իրավիճակների և Վայքի հիվանդանոցի վերազինումը հենց այդ նպատակն ունի: Բացի այդ, Լիդիանի օգնությամբ վերազինված հիվանդանոցը և վերապատրաստված բուժանձնակազմը ավելի լավ առողջապահական ծառայություններ կապահովի տեղի բնակչությանը»,- ասել է Վիգեն Տատինցյանը:

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը այս կարևոր ներդրման համար, շեշտելով, որ վերազինված բուժհաստատությունը կծառայի ամբողջ մարզի բնակչությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, մարզպետը նաև կարևորել է Ամուլսարի ծրագրի դերը մարզում աշխատատեղեի ստեղծման և սոցիալ-տնտեսական առաջընթացի առումով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]