Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզպետարանում քննարկվեցին մարզին հուզող բնապահպանական խնդիրներ

Շիրակի մարզպետարանում քննարկվեցին մարզին հուզող բնապահպանական խնդիրներ

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը շարունակում է աշխատանքային այցերը մարզեր: Նոյեմբերի 24-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:
Այցի շրջանակում, տեսչական մարմնի ղեկավարը Շիրակի մարզպետարանում հանդիպեց մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժինների, ուժային կառույցների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների հետ:
Ներկայացնելով համեմատաբար նորաստեղծ կառույցի գործունեությունն ու նպատակները՝ Եղիշ Տերտերյանը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը՝ բնապահպանական խնդիրների վերհանման և ամբողջական լուծման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը պատասխանատուն փաստեց, որ ոլորտը իրավական առումով բավական բացեր ունի, իսկ խնդրին առնչվող ցանկացած հարց կնպաստի այդ բացերը շուտ առաջ քաշելուն ու լուծումներ գտնելուն:
Ի տարբերություն հանրապետության մյուս մարզերի՝ Շիրակը անտառային մարզ չէ՝ ունի միայն մոտ 2 հազար հեկտար արհեստական անտառային տարածք, որտեղ խնդիրները հիմնականում կապված են ամանորյա օրերին փշատերև ծառերի հատման հետ: Չնայած դրան, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Շիրակում առկա խնդիր կարելի է համարել բժշկական թափոնների պատշաճ ու անվնաս ոչնչացման հարցը: «Բոլորիս նպատակը պետք է լինի շրջակա միջավայրի պահպանությունը: Մարզում բնապահպանական խնդիրներ ունենք, ճիշտ է, անտառային տարածք չունենք, և չկան հատումների հետ կապված խնդիրներ, միակ խնդիրը տոնական օրերին փշատերևների հատումների հետ է կատված, ինչը բացառելու նպատակով հսկողություն ու համակարգված աշխատանք ենք իրականացնում իրավապահ մարմինների, «Գյումրի» անտառտնտեսության աշխատակիցների հետ»,- նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային ստորաբաժանման ղեկավար Լևոն Գասպարյանը:
Քննարկման ընթացքում Շիրակի մարզպետը ներկայացրեց մարզում բնապահպանական միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը: Օգտվելով առիթից՝ լրագրողները բարձրացրեցին Գյումրու «Մուշ թաղամասի կանաչ գոտում իրականացվող ապօրինի կառուցապատման խնդիրը: Պատասխանատուն վստահեցրեց՝ լուրջ ուսումնասիրություն կիրականացվի, և իրենք այս հարցում հետևողական կլինեն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am