Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահին


ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ այցելած Բելառուսի Հանրապետության ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` ողջունելով հյուրերին` մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ, հաշվի առնելով հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, տեսնում է նաեւ երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջեւ առանձին ոլորտներում տնտեսական ու մշակութային կապերի աշխուժացման հնարավորությունը:

«Չնայած այս առումով արդեն կա կատարված աշխատանք, այնուամենայնիվ, առկա է այն զարգացնելու եւ խորացնելու հնարավորություն»,-ասել է մարզպետը՝ շեշտելով հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հնարավոր համագործակցության մասին։

Պատասխան խոսքում Բոլեսլավ Պիրշտուկը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ նման ձեւաչափի հանդիպումները շատ արդյունավետ են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման տեսանկյունից։ Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ուսումնասիրել եւ ընտրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներ եւ դրանց ուղղությամբ ավելի առարկայական համագործակցություն ծավալել։



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ