Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն արձագանքել է Պարույր Հայրիկյանի պահանջներին

ԿԸՀ-ն արձագանքել է Պարույր Հայրիկյանի պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով հանրաքվե անցկացնելու և հացադուլ հայտարարելու մտադրությանը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների իրավունքը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի միայն՝ Սահմանադրության 209 հոդվածի համաձայն՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: 

Նոյեմբերի 3-ին Պարույր Հայրիկյանի կողմից դիմում է ուղարկվել ԿԸՀ, որում ԱԻՄ առաջնորդը սահմանադրական բարեփոխումների ստորագրահավաք սկսելու նպատակով խնդրել է տրամադրել պաշտոնաթղթի օրինակ, մնացյալ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ գործընթացի հետ կապված գործողությունների ցուցակն ու ժամանակացույցը:

ԿԸՀ-ն չի տրամադրել՝ նոյեմբերի 6-ին մանրամասն պատասխանելով և հստակ ներկայացնելով Հանրավքեի մասին գործող օրենքի իրավադրույթները՝ նշելով այն սուբյեկտները, որոնք կարող են նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

«Քանի որ հանրաքվե նշանակված չէ իրավասու սուբյեկտների կողմից, հետեւաբար չի կարող լինել նաեւ ժամանակացույց: Համաձայն ՀՀ գործող Սահմանադրության 202 հոդվածի՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացրել է Մուկուչյանը, հավելելով, որ միաժամանակ անցումային դրույթները սահմանող 209 հոդվածը շատ հստակ նշում է, որ նշված իրավադրույթները ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005թ. սահմանադրական փոփոխություններով ուժի մեջ գտնվող դրույթները:

2005թ. Սահմանադրության մեջ, որով սահմանված են ներկայի իրավադրույթները, հստակ նշված է՝ Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են հանրաքվեի միջոցով հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովի միջոցով:

Նշվում է նաև, որ Հանրաքվեի մասին օրենքը հանդիսանում է սահմանադրական օրենք, որում նշված կլինի, թե ինչ կարգով քաղաքացին պետք է իրականացնի իր նախաձեռնության իրավունքը: «Այսօր որևէ մեկը չի կարող է ասել՝ դա կլինի ստորագրահավաքի միջոցով, թե այլ կերպ: Դա կամրապնդվի օրենքով»,-պարզաբանեց Մուկուչյանը:    

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 20-ին անժամկետ հացադուլ է սկսել՝ դրա մասին հայտարարելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։ Միաժամանակ նա նշում է, որ տարեկան տասն անգամ հացադուլ է անում՝ ինքն իր համար, ու շոումեն չէ, որ հացադուլով հպարտանա: «Օրինակ, ես հացադուլ եմ անում, բայց ունեմ շնիկներ, փիսիկներ, նրանք հացադուլ չեն անում, պետք է գնամ նրանց կերակրելու»,-հայտարարեց Հայրիկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am