Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ-ի արձագանքն առևտրականներին. բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացվում են օրենքով վերապահված լիազորություններ

ՊԵԿ-ի արձագանքն առևտրականներին. բոլոր տնտեսվարողների նկատմամբ 
իրականացվում են օրենքով վերապահված լիազորություններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է Ազգային ժողովի դիմաց հավաքված առևտրականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ հարկային կոշտ վարչարարություն է կիրառվում իրենց նկատմամբ: «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացնում է համապատասխան ընթացակարգեր»,-«Արմենպրես»-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ազգային ժողովում քառօրյայի մեկնարկին առևտրականների հարցը բարձրացրել են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք 1000 մարդու ստորագրությամբ  գրություն են ստացել տարբեր տոնավաճառների առևտրականներից, որոնք բողոքում են հարկային մարմինների աշխատանքից: «Ես այս հարցով դիմել եմ վարչապետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահից ստացել եմ գրություն հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության վերաբերյալ, սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրները չեն կարգավորվում»,-ասել է նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ևս անդրադարձել է հարցին ու նշել, որ ինքը ևս հանդիպել է հարկային մարմինների բողոքող առևտրականների հետ, ովքեր երկու շաբաթ առաջ հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Լսել է նրանց խնդիրներն ու փոխանցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: «Դրանից հետո պարոն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է բոլոր հարցերին, որ հնչեցրել էին մանր բիզնեսով զբաղվող առևտրականները: Ես կարծում եմ, որ եթե կա խնդիր, մենք պետք է քննարկենք այն: Դա իսկապես խնդիր է, սակայն ուռճացված, շոու դարձրած որևէ խնդրի քննարկումն անիմաստ է: Եթե կա խնդիր, պիտի քննարկենք, բայց շոու դարձնելն անթույլատրելի է»,- հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am