Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի ծննդյան 70-ամյակը նշվեց գեղեցիկ ցերեկույթով

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի ծննդյան  70-ամյակը նշվեց գեղեցիկ 
ցերեկույթով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը լայն մտահորիզոն ունի.  նա պայքարող և արարող տեսակ է: Այս մասին  նոյեմբերի 7-ին գիտնականի  ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Միջոցառումն անցկացվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

«Աշխատանքի բերմամբ բազմիցս առնչվել եմ Հովհաննես Այվազյանի հետ: Հրաշալի է հանրագիտարանների այն շարքը, որը տպագրվել է նրա օրոք: Չնայած բոլոր դժվարություններին`իննսունականներին նա կարողացավ համախմբել հանրագիտարանի վրա աշխատող բոլոր մարդկանց և չհանձնվեց, շարունակեց հանրագիտարանների հրատարակումը, որոնք մենք պատվով ենք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էդվարդ Միլիտոնյանը: Նա ՀԳՄ բոլոր անդամների անունից շնորհավորեց Հովհաննես Այվազյանին`նորանոր հաջողություններ մաղթելով նրան:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով` Հովհաննես Այվազյանը բեղուն և արգասաբեր գիտական գործունեություն է ծավալել:

«Զորավար Անդրանիկին, Հովհաննես Թումանյանին նվիրված նրա աշխատանքները պատմագիտական մտքի հրաշալի գործեր են: Հետաքրքիր են նրա  գեղարվեստական գրքերը,  կարևորում եմ նաև հայրենասիրական ոգով լեցուն հոդվածները, որոնք տվել են իրենց պտուղները: Շնորհավորում եմ, մաղթում եմ նոր հանրագիտարաններ հրատարակել»,-եզրափակեց նա: Դեկանը ֆակուլտետի կոլեկտիվի կողմից ոսկե ժամացույց նվիրեց գիտնականին:

«Ինձ հաջողակ մարդ եմ համարում. ունեմ հիանալի ընտանիք, թոռնիկներ, որոնք իմ կողքին են: Իմ ջանքերով հրատարակվել է տասներկու հանրագիտարան: Քսան տարի Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ եմ  եղել և ևս քսան տարի գլխավոր խմբագիր, մասնակցել եմ դրա բոլոր հրատարակությունների լույս ընծայմանը»,-ասաց Հովհաննես Այվազյանը:

Գիտնականը  շեշտեց, որ երազում է Հայոց ազգային հանրագիտարանի նոր հրատարակության մասին: «Լավ է, որ մեր երկրում թեմատիկ  հանրագիտարաններ կան: Բայց Հայոց ազգային հանրագիտարանը չափազանց մեծ  նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար: Հուսամ` կկարողանամ իրականացնել երազանքս»,-ասաց նա:

Միջոցառմանը Հովհաննես Այվազյանը գրական, հրատարակչական, հասարակական գործունեության համար պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով:

Նրան «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության պատվավոր անդամի կոչում շնորհվեց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am