Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը երաժշտասերները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը երաժշտասերները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, նրա գործունեության գնահատողներն ու ստեղծագործական ժառանգության երկրպագուներն այցելեցին Սպենդիարյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով  կոմպոզիտորի հիշատակին։

«Ալեքսանդր Սպենդիարյանն ունի հիանալի գործեր, որոնք հաճախ չեն հնչում: Իհարկե, նրա ստեղծագործությունների գագաթը «Ալմաստ» օպերան է, սակայն անկրկնելի են Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ»-ը, «Ղրիմի էսքիզներ»-ը,  վոկալ-գործիքային ստեղծագործությունները, ռոմանսները:

Նա ժամանակի ամենակրթված մտավորականներից էր, ով Թամանյանի, Սարյանի   և այլ մեծերի հետ նշանակալի դեր խաղաց հայ մշակույթի զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը:

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի խոսքով` Սպենդիարյանը մեր մշակույթի հիմնաքարերից է:

«Գնահատելի է, որ տարբեր մշակութային օղակները, հատկապես կոմպոզիտորի տուն-թանգարանը անում են ամեն հնարավորը նրա թանկարժեք ժառանգության հանրահռչակման համար: Ուրախ եմ, որ 2006-ին ինձ հաջողվեց համախմբել օպերային թատրոնի լավագույն մեներգիչներին և ձայնագրել սկավառակ, որում ընդգրկված են Սպենդիարյանի տասից ավելի ռոմանսները»,-ընդգծեց Սարգսյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ բոլորս գիտենք` Սպենդիարյանը բարձրակարգ կոմպոզիտոր էր, բայց  իր համար շատ կարևոր է նաև Սպենդիարյանի մարդկային կերպարը: «Նա իր գործի նվիրյալն էր, ով, չմտածելով իր անձի մասին, աշխատել է, կատարելագործվել և հսկայական ժառանգություն թողել հայ երաժշտարվեստում»,-շեշտեց Սաթյանը:

Ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ պատանի սպենդիարյանականների՝ Ալ.Սպենդիարյանի անվ.երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների, երդման արարողությունը։

Հանդիսավոր միջոցառումից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում ներկայացվեցին տարբեր տարիքի այցելուների համար նախատեսված երկու՝ «Բացահայտիր Սպենդիարյանին» և «Ես բեմանկարիչ» վիրտուալ խաղերը, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում: Խաղերը նախագծել և իրականացրել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը` համագործակցելով «Ինտերակտիվ վորդ» ընկերության հետ:

Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, ով դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել: 1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա:

Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում:

Դեռ մանկության տարիներից նրան ծանոթ էր Ղրիմի ազգային երաժշտական ոճը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել է տասնյակ երաժշտական դպրոցներ, մշակել է բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ

Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում

1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին

Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում ստեղծել է այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները:

Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am