Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեծ հարված է համարում Հայաստանի զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեծ հարված է համարում Հայաստանի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ հայ ժողովրդից, իշխանություններից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքինվեն, ոտքի կանգնեն, իսկ դա հետ է գցել երկրի զարգացումը և մյուս ծրագրերի իրականացումը: «Այդ օրերին առնվազն երկու անձի շուրջ կար համախմբում, դա ակնհայտ էր: Այդ վստահության արդյունքում էր, որ որևէ մեկը կասկածի տակ չէր դնում ընտրությունները: Բոլորն ընդունում էին այդ դաշինքի իշխանությունը, սա մեծ պլատֆորմ էր, որի վրա կարելի էր մեծ հեռանկարային ծրագրեր կառուցել, իրավիճակի սթափ գնահատում կար` երկիրը գտնվում է ծանր ճգնաժամային վիճակում և այդ իրավիճակը փոխելու խնդիրներ էր դրվում, առաջին անգամ սեկվեստր արվեց բյուջեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պատգամավորը` վստահություն հայտնելով, որ, եթե այդ թիմը մնար, այդ համախմբվածությունը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր:
Ռուստամյանն ընդգծեց` թեև ոճրագործության իրականացնողները ձերբակալված են, սակայն հասարակության մեջ, այնուամենայնիվ, մնացել է այն տպավորությունը, որ հոկտեմբերի 27-ի դեպքերի լիարժեք բացահայտում չի կատարվել: «Իհարկե, այսպիսի դեպքերը միանշանակ ընկալում չեն առաջացնում, բայց ես, նաև հետեւելով 18 տարիների դինամիկային, տեսնում եմ, որ ծայրահեղացված վարկածներ այսօր գոնե չեն հնչեցվում»,- ասաց նա` հավելելով, որ մի խավ կա, որ բավարարված չէ, և դա խոսում է այն մասին, որ 18 տարի այդ դեպքերի հետ կապված բեռը, ծանր զգացողությունը մեզ ուղեկցել է:
Ռուստամյանը նաև չբացառեց, որ հնարավոր է` այդ ոճրագործության իրականացման հարցում եղել է դրսի միջամտություն: «Ես միշտ ասում եմ, որ որևէ բան չի կարելի բացառել, որովհետև եթե որևէ բան քրեական գործի հետ բացառում ես, դա նշանակում է, որ լավ տիրապետում ես բոլոր նյուանսներին: Քանի ամբողջությամբ չի բացահայտվել և լիարժեք համոզում չի առաջացել, ես որևէ մի վարկած չեմ կարող բացառել»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով` միանշանակ է, որ հոկտեմբերի 27-ը շահավետ էր մեր երկրի թշնամիներին: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ արտաքին ուժերից Ռուսաստանի միջամտությունն է բացառում:«Հայաստանի թշնամին Ռուսաստանը չէ: Այդ վարկածներից գոնե ազատվեցինք, շատ ծայրահեղացված վարկածներ գոնե այսօր չեն քննարկվում, բայց ես չեմ բացառում, որ դրսի ուժերը մասնակից լինեն»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում