Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարկետման կարգում առաջարկվող փոփոխությունները հանգեցնելու են գիտության առաջընթացի. Վիգեն Սարգսյան

Տարկետման կարգում առաջարկվող փոփոխությունները հանգեցնելու են գիտության 
առաջընթացի. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համամիտ չէ այն կարծիքներին, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով տարկետման կարգում առաջարկվող փոփոխությունները հանգեցնելու են գիտության հետընթացի: Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, ընդգծեց, որ այդ փոփոխությունը հանգեցնելու է ոչ թե գիտության հետընթացի, այլ առաջընթացի: «Մենք գիտության առումով ոչ թե ետ ենք գնալու, այլ առաջ ենք գնալու, որովհետև մեր թեկնածուական թեզերը դառնալու են բովանդակային, որովհետև մեր գիտությամբ զբաղվողները լինելու են նրանք, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել, ոչ թե նրանք, ովքեր այդ գրքույկով ցանկանում են ազատվել զինվորական ծառայությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նախարարը մանրամասնեց, որ այս պահին տարկետում տալիս են միայն ընդունելության քննությունների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կես բալ տարբերության կտրվածքով: Այսինքն, նույն լսարանում գտնվում են երկու երիտասարդ, որոնցից մեկը հանձնել է քննություն և հավաքել է 18 միավոր, իսկ մյուսը՝18.5, արդյունքում մեկը չի գնում ծառայելու, մյուսը գնում է: «Որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ այդ 18.5 միավոր հավաքած երիտասարդն անպայման զբաղվելու է գիտությամբ, իսկ 18 միավոր հավաքածը երբեք չի զբաղվելու: Իմ մոտեցումը հստակ է՝ կամ մենք ասում ենք, որ մեր բոլոր երիտասարդներին, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, տալիս ենք տարկետում, կամ որևէ մեկին չենք տալիս: Մենք այսօր տարկետում տալիս ենք բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվողների մի փոքր տոկոսի ընդամենը: Իսկ այդ տոկոսը բացարձակ կանխատեսելի չէ՝ ապագա գիտնականներ ե՞ն, թե՞ ուղղակի քննությունները հաջող հանձնած երիտասարդներ»,- նշեց Սարգսյանը:

Նախարարն ընդգծեց, որ միայն մեր ընկալման մեջ են բակալավրիատուրան և մագիստրատուրան անընդհատ ցիկլ: Նրա խոսքով՝ եթե դա լիներ անընդհատ ցիկլ, պետք է պահեինք Խորհրդային Միության 5-ամյա բարձրագույն կրթությունը կամ դա դարձնեինք  6-ամյա ու վերջացնեինք: «Ինչո՞ւ ենք արել 4+2, որովհետև 4 տարում մարդը ստանում է կրթություն, դրանից հետո սկսում է աշխատել, փորձ ձեռք բերել, տարբեր կառույցների հետ փոխգործակցում է, աշխարհ է ման գալիս, ծառայում է զինված ուժերում, անում է ամենատարբեր բաներ, նոր ընդունվում է մագիստրատուրա: Լավ բուհերում բակալավրիատուրայի և մագիստրատուրայի միջև միջինը 7-8 տարվա տարբերություն է ընկած: Երբ ես գնացի մագիստրատուրա սովորելու, ամենաերիտասարդն էի այնտեղ՝ 24 տարեկան,  մնացածը 27, 28, 29 տարեկան էին, որովհետև դա նորմալ է»,- պարզաբանեց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am