Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հասմիկ Աբեղյանի համբուրգյան խոհերն ընդգրկվել են նրա նոր գրքում

Հասմիկ Աբեղյանի համբուրգյան խոհերն ընդգրկվել են նրա նոր գրքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանուկ Աբեղյանի թոռնուհու` Հասմիկ Աբեղյանի «Համբուրգյան մտորումներ» գրքում զետեղված են էսսեներ, պատմվածքներ, խոհափիլիսոփայական մտքեր, հիշողություններ, արձակ բանաստեղծություններ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

«Տարիներն անցնում են, սակայն Հասմիկը նույնն է. նույնն է հոգով, խանդավառությամբ, դեպի մարդն ու իր հարազատները անպակաս սիրով: Անհիշելի ժամանակներից իմ օրացույցում կարմիր գծով է գծվում սեպտեմբերի յոթը, որը Հասմիկ Աբեղյանի ծննդյան օրն է: Այս տարի նրա ծննդյան կապակցությամբ  տպագրեցինք և նրան նվիրեցինք «Համբուրգյան մտորումներ» գիրքը: Գրքում խորը հավատքի ու հույսի տեր մարդու մտորումներ են: Թվում է, թե գրքույկում պարզ պատմություններ են, բայց ամեն մի ստեղծագործություն սիրո մեծ ուժ ունի, և ընթերցողին հույսի, լավատեսության զորություն է տալիս. ամեն մի պատում ապրված է ու վերապրված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գրականագետ Աբգար Ափինյանի խոսքով`Հասմիկ Աբեղյանը հայ բանասիրության  բացառիկ անուններից է: «Նա վաստակ ունեցող գրականագետ է, որը, երկար տարիներ աշխատելով գրականության ինստիտուտում, կազմել, տպագրել, հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատություններ, և նրա ներդրումը մեծ է մեր գրականագիտության զարգացման գործում: Հասմիկ Աբեղյանն  աշխատել է այնպիսի նշանավոր գիտնականների հետ, ինչպիսիք են Էդվարդ Ջրբաշյանը, Սուրեն Աղաբաբյանը և այլք»,-ասաց Ափինյանը:

Աբեղյանը շեշտեց, որ երբևէ մտադրություն չի ունեցել գեղարվեստական գիրք գրել: «Լավ հիշողություն ունեմ և հետաքրքիր դեպքեր, պատմություններ ու մարդկանց եմ վերհիշում: Շրջապատի մարդիկ, աշխատանքային ընկերներս, աղջիկներս անդադար հորդորում էին ինձ գրել հուշերս  ու արդյունքում ծնվեց «Օրերս ինձ հետ են» հուշագիրքը, որը լավ ընդունելության արժանացավ: Այնտեղ մեր տոհմի պատմությունն է»,-նշեց Աբեղյանը:

Անդրադառնալով նոր գրքին` նա ընդգծեց, որ անցյալ տարի Գերմանիայում է եղել և հենց այդ ժամանակ էլ թղթին իր մտորումները հանձնելու մեծ ցանկություն է զգացել:

«Տղայիս մոտ էի, նրա կինը չինուհի է և չի խոսում հայերեն: Ես ուզում էի կիսվել ինչ-որ մեկի հետ, խոսել, պատմել ու զգացի որ գրելու կարիք կա:  Այդպես ծնվեց այս գրքույկը, որում զետեղված են արձակ բանաստեղծություններ, մտացածին հիշողությունների հիման վրա գրված էսսեներ,  խոհափիլիսոփայական մտորումներ, փոքր պատմվածքներ»,-ասաց գրողը:

  Հասմիկ Աբեղյանը խոստովանեց, որ ճակատագիրն իր նկատմամբ այնքան էլ բարեհաճ չի գտնվել և կյանքում քիչ են եղել  երջանիկ պահերը, սակայն ինքն այսօր երջանիկ է, քանի որ սիրված է, գնահատված և ուրախ է, որ իր շուրջ են հավաքվել  մտերիմները, հարազատները, ծանոթները: Նա շեշտեց, որ  իրեն շատ երիտասարդ է զգում և շարունակելու է աշխատել, քանի դեռ ի վիճակի է:

Հասմիկ Աբեղյանին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պատվոգիր հանձնվեց հայ գրականության տարածման, զարգացման, հանրահռչակման, հայագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն նրան  հանձնեց պատվոգիր գիտության ոլորտում երկարամյա, անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am